Ստեղծվել է Վրաց-իրանական առևտրա-արդյունաբերական պալատ
Ադրբեջանական Trend լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ստեղծվել է Վրաց-իրանական առևտրա-արդյունաբերական պալատ, որի գործունեության հիմնական առաջնահերթությունը հանդիսանալու է Վրաստանի ու Իրանի միջև առևտրային-տնտեսական հարաբերությունների զարգացմանն աջակցելը:
Այս մասին հայտարարել է պալատի հիմնադիրներից, Վրաստանի Նավթամթերքի ներկրման միության նախագահ Վանո Մտվրալաշվիլին: Վերջինիս խոսքերով՝ իրանցի գործարարների հիմնական ուշադրության կենտրոնում են գտնվում էներգետիկան, շինարարական ոլորտը և սննդի արդյունաբերությունը:
Վրաց-իրանական առևտրա-արդյունաբերական պալատի հիմնադիրներն են 5 վրացի և 4 իրանցի գործարարներ: Մտվրալաշվիլին հայտարարել է, որ Վրաստանի ու Իրանի միջև տարեկան ապրանքաշրջանառության ծավալը կազմում է 120-150 միլիոն դոլար՝ ընդգծելով, որ պլանավորված է մեծացնել այդ ցուցանիշը: