Դը Վաալ․ «Վրաստանը տիտաններից հետո»

Կարևոր օրեր են Վրաստանի համար․ այսպես է սկսում Կովկասի հարցերով ավագ փորձագետ Թոմաս դը Վաալը National Interest պարբերականում հրապարակած հոդվածը, որ վերնագրված է «Վրաստանը տիտաններից հետո»:

«Ազատություն» ռադիոկայանի փոխանցմամբ, ըստ դը Վաալի, տիտանները այդ երկրի համար երկու խոշոր քաղաքական ֆիգուրներն են` իր նախագահական ժամկետն ավարտած Միխեիլ Սաակաշվիլին և վարչապետի պաշտոնին հրաժեշտ տված միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլին: Թե ինչ ձեռքբերումներ և մարտահրավերներ են թողնում Վրաստանին այս երկու առաջնորդները՝ ահա այս հարցին է անդրադառնում իր վերլուծության մեջ փորձագետը:

Վրաստանի քաղաքական ուղին բացարձակ նման չէ իր և ոչ մի հարևանի քաղաքական ուղուն: Հետխորհրդային շատ երկրների դժբախտությունը խորապես արմատացած վերնախավն է, որը մոնոպոլիզացրել է թե՛ քաղաքական, թե՛ տնտեսական հզորությունները և արգելափակում է բարեփոխումները: Վրացիներին այժմ արդեն հաջողվել է հեռացնել երկու վերնախավերի, որ տարիների ընթացքում սկսել էին չափից դուրս շատ ամրապնդվել` մեկը Շևարդնաձեի վարչակազմն էր 2003 թվականին, մյուսը` Սաակաշվիլիինը 2012-ին:

Երկու քաղաքական հսկաները լքում են քաղաքական դաշտը: Վրաստանի հասարակությունը այժմ հասունացման փուլում է և չի կարող հույսը դնել այն բանի վրա, որ մեծն առաջնորդը կգա և կլուծի բոլոր խնդիրները: Պետության երկու կարևորագույն պաշտոնները զբաղեցնում են հարաբերականորեն անփորձ գործիչներ: Համալսարանի նախկին ռեկտոր Գիորգի Մարգվելաշվիլին այժմ զբաղեցնում է նախագահի` արդեն իսկ կրճատված լիազորություններով պաշտոնը, իսկ նոր վարչապետը` Իրակլի Ղարիբաշվիլին ընդամենը 31 տարեկան է և աշխատել է միմիայն Իվանիշվիլիի մոտ:

Մտավախություններ կան, որ այս երկու «ջահել» առաջնորդները կարող են Վրաստանը մի վիճակի բերել, երբ ավելի ընդարձակ ժողովրդավարությունը սահմանափակվում է թույլ ղեկավարությամբ, վատ տնտեսական կառավարմամբ և որոշակի շահերի համար մանիպուլյացիաներով:

Լավ նորությունը, սակայն, այն է, որ շարունակականությունը իրականում ավելի շատ է, քան վրացական քաղաքականության երկու կողմերը ուզում են ընդունել: Շատ մարդիկ  կառավարության համակարգում պահպանել են իրենց աշխատանքը: Սաակաշվիլիի կառավարման տարիների իրական ձեռքբերումներից մեկն այն է, որ ներկայումս այնտեղ աշխատում է տեխնոկրատների` մասնագետների մի խումբ, որը կարող է այդ երկրում մարդկանց ամենօրյա ծառայություններ մատուցել: Բացի այդ` նույնն է արտգործնախարարությունը, և արտաքին քաղաքական կուրսը չի փոխվել` արևմտամետ է:

Ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում:

Տեսանյութեր

Լրահոս