Բաժիններ՝

Սթիվեն Իսերլիսը՝ Երևանում

Դեկտեմբերի 6-ին Արամ Խաչատրյան համերգասրահում Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ նվագախմբի հետ հանդես կգա աշխարհահռչակ բրիտանացի թավջութակահար Սթիվեն Իսերլիսը, ում մենակատարությամբ կկայանա Պրոկոֆևի Թավջութակի կոնցերտի հայաստանյան պրեմիերան: Կարևոր է նշել, որ լեգենդար թավջութակահարը նախորդ տարիներին բազմիցս հանդես է եկել ՀՊՖՆ-ի հետ Երևանում, ինչը վկայում է Հայաստանի ֆիլհարմոնիկի հանդեպ երաժշտի տածած բարձր գնահատանքի և բարեկամական նվիրվածության մասին:

Ի նշան 1988թ. Երկրաշարժի 25-ամյա տարելիցի` դեկտեմբերի 6-ի համերգը կմեկնարկի Երվանդ Երկանյանի «Միստերիա»-ի կատարմամբ: Երեկոյի ծրագրում ներառված է նաև Մուսորգսկու «Պատկերներ ցուցահանդեսից» ստեղծագործությունը:

Դեկտեմբերի 13-ին Հայաստանի Ֆիլհարմոնիկը կներկայացնի գերմանաբնակ դաշնակահարուհի Լուսինե Խաչատրյանի մենակատարությամբ համերգ` նվիրված Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի հիմնադրման 90-ամյակին: Դեկտեմբերյան ծրագիրը կամփոփվի հոբելյանական երեկոներով. դեկտեմբերի 18-ին և 23-ին կկայանան հանդիսություններ` ի պատիվ Բարսեղ Թումանյանի 55-ամյա և Հովհաննես Չեքիջյանի 85-ամյա հոբելյաններին:

Բրիտանացի թավջութակահար Սթիվեն Իսերլիսը ժամանակակից համաշխարհային երաժշտարվեստի ամենահռչակավոր թավջութակահարներից է: Վերջին տարիների նրա ելույթները ներառում են համերգներ այնպիսի հեղինակավոր նվագախմբերի հետ, ինչպիսիք են Budapest Festival Orchestra-ն (դիրիժոր Իվան Ֆիշեր), Լոնդոնի Philharmonia Orchestra-ն (Վլադիմիր Աշկենազի),  BBC Symphony Orchestra-ն (Անդրե դե Ռիդեր) և այլն: Նախորդ համերգաշրջանում տեղի են ունեցել Իսերլիսի մենահամերգները,  ելույթները կամերային անսամբլների կազմում և սիմֆոնիկ նվագախմբերի հետ Եվրոպայի, ԱՄՆ-ի և Ավստրալիայի տասնյակ քաղաքների հեղինակավոր  համերգասրահներում: Սթիվեն Իսերլիսը ժամանակակից երաժշտության նվիրյալներից է:  Աշխատակցել է կոմպոզիտորներ Ջոն Թեվենըրի, Վոլֆգանգ Ռիհմի, Թոմաս Ադեսի և այլոց հետ, որոնց գործերի պրեմիերաները ներկայացրել է ժամանակակից երաժշտության փառատոներին:

Արդեն 12 տարի է, որ Իսերլիսը  Քորնուոլի միջազգային Musicians’ Seminar at Prussia Cove–ի գեղարվեստական ղեկավարն է: Երաժշտական գործունեության կարևորագույն ծրագրերից են Բախի, Բրամսի, Դվորժակի, Սուկի և այլ կոմպոզիտորների գործերի` նրա ձայնագրությունները: Ուշագրավ է, որ Իսերլիսի հետաքրքրությունների լայն շրջանն ընդգրկում է նաև երեխաների համար գրված երաժշտությունը:

Նա գրել և թողարկել է մանկապատանեկան լսարանին ուղղված գրքեր, որոնք թարգմանվել են տարբեր լեզուներով: Նվագել է համերգաշարեր երեխաների համար և դաշնակահար Սթիվեն Հաֆի հետ թողարկել է «Երեխաների թավջութակ» սկավառակը: Սթիվեն Իսերլիսը նվագում է Marquis de Corberon (Նելսովա, 1726թ.) Ստրադիվարի գործիքով, որը նրան տրամադրել է  Royal Academy of Music-ը (Մեծ Բրիտանիա):

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս