Ափսոսանքով ենք արձանագրում, որ հավաքի խաղաղ ընթացքը կոպտորեն խախտած անձանց վարքագիծը հարկադրել է ուժ կիրառել իրավախախտների նկատմամբ. Ոստիկանություն
Դեկտեմբերի 4-ին մի շարք լրատվամիջոցներ հրապարակել են «Քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները դատապարտում են ոստիկանության գործողությունները» վերնագրով հայտարարություն, որի առնչությամբ հայտնում ենք, որ ՀՀ ոստիկանության գործողությունների համաչափության վերաբերյալ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների տարածած տեղեկությունները զուրկ են հիմնավորումներից:
ՀՀ ոստիկանությունը ՀՀ Սահմանադրությամբ, ՀՀ միջազգային պարտավորություններով, «Հավաքների ազատության մասին» ՀՀ օրենքով, ինչպես նաև «Ոստիկանության մասին» օրենքով սահմանված դրույթներին համապատասխան մշտապես իրականացրել և իրականացնում է իր գործառույթները ապահովելու համար հավաքի` խաղաղ մտադրություն ունեցող մասնակիցների քաղաքական իրավունքների լիարժեք իրացումը՝ դրան զուգահեռ ապահովելով նաև պետական անվտանգության, հասարակական կարգի պահպանման, հանցագործությունների կանխման, հանրության առողջության ու բարոյականության, այլոց սահմանադրական իրավունքների և ազատությունների պաշտպանության ճիշտ հարաբերակցությունը:
Դեկտեմբերի 2-ին, ժամը 13:00-ին, Երևան քաղաքի Ազատության հրապարակում շտապ հավաք անցկացնելու, այնուհետև երթ կազմակերպելու մասին ՀՀ ոստիկանությանը իրազեկվել է նույն օրվա առավոտյան՝ էլեկտրոնային եղանակով: Թեև ՌԴ Նախագահի այցի կապակցությամբ մայրաքաղաքի երթևեկությունը որոշակի սահմանափակումների ենթարկվելու վերաբերյալ հայտարարվել էր նախապես, այդուհանդերձ, ՀՀ ոստիկանությունը, կատարելով օրենքով իրեն վերապահված լիազորությունները և դրսևորելով հանդուրժողականություն, աջակցել է հավաքի մասնակիցներին երթով դեպի ՀՀ կառավարության նստավայր ուղևորվելու և իրենց պահանջը բաց նամակով ՀՀ կառավարությանը հանձնելու գործում:
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ շտապ հավաքի և երթի անցկացման նպատակը, այն է՝ բաց նամակի տեսքով արտահայտած կարծիքը ՀՀ կառավարությանը հանձնելու գործընթացն արդեն իսկ իրագործված է եղել, հավաքի մասնակիցներին ոստիկանության կողմից հորդորվել է ձեռնպահ մնալ հատկապես քաղաքի կենտրոնական փողոցներում երթևեկությունը խոչընդոտելուց՝ այլ անձանց ազատ տեղաշարժի իրավունքի իրացման սահմանափակումներից խուսափելու նպատակով: Մասնավորապես, ոստիկանությունն այդ մասին պարբերաբար իր պաշտոնական էլեկտրոնային կայքի միջոցով օրվա ընթացքում հայտարարություններ է հրապարակել, ինչպես նաև տեղում դիմել երթի մասնակիցներին:
ՀՀ ոստիկանությունը ափսոսանքով է արձանագրում, որ հավաքի խաղաղ ընթացքը կոպտորեն խախտած անձանց վարքագիծը ոստիկանությանը հարկադրել է այդ օրը ուժ կիրառել իրավախախտների նկատմամբ. օրենքով սահմանված կարգով ՀՀ ոստիկանության տարբեր տարածքային մարմիններ են բերվել 110 անձ, որոնցից 109-ի նկատմամբ կազմվել են վարչական իրավախախտում կատարելու վերաբերյալ արձանագրություններ (Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 172.2-րդ հոդվածով նախատեսված՝ Հասարակական վայրերն օգտագործելու կանոնները խախտելու, 180.1 հոդվածով նախատեսված՝ Հավաքի խաղաղ և բնականոն ընթացքի ապահովման վերաբերյալ ոստիկանության` օրենքով սահմանված պահանջները չկատարելու և 182-րդ հոդվածով նախատեսված՝ Հասարակական կարգի պահպանության, ընթացքում ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելու համար):
Վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրությունները կազմելուց հետո նշված անձինք հեռացել են ոստիկանությունից:
ՀՀ ոստիկանությունը հարկ է համարում շեշտել, որ երթի ժամանակ թույլ տրված մի շարք իրավախախտումների կատարողներ ոչ թե բերման են ենթարկվել, ինչպես սխալմամբ նշում են հայտարարության հեղինակները, այլ մեկուսացվել են հավաքի վայրից, վարչական իրավախախտում թույլ տալու կապակցությամբ արձանագրություն կազմելու նպատակով բերվել են ՀՀ ոստիկանություն և կարճ ժամանակ անց հեռացել այնտեղից:
Ոստիկանության տարածքային մարմիններում, որտեղ եղել են բերված անձինք, ներկա են գտնվել նաև ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչներ, փաստաբաններ, պատգամավորներ:
Մասնավորապես, Երևան քաղաքի Կենտրոնականի բաժնում բացի ՄԻՊ աշխատակազմի 2 ներկայացուցիչներից եղել են նաև պատգամավորներ Խաչատուր Քոքոբելյանն ու Նիկոլ Փաշինյանը: Քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների պնդումն այն մասին, որ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչների և պատգամավորների մուտքը ոստիկանություն խոչընդոտվել է՝ հիմնավոր չէ:
Հիմնավորված չեն նաև հոդվածում տեղ գտած տեղեկությունները ոստիկանության կողմից իրականացված հետապնդումների մասին. որևէ հետապնդում, առավել ևս բերման ենթարկելու նպատակով անձանց բնակարաններ այցելություն ոստիկանության որևէ ծառայողի կողմից չի իրականացվել:
Հայտարարության հեղինակները նշել են նաև ոստիկանության պաշտոնական կայքում ոստիկանություն բերված անձանց անհատական տվյալները հրապարակելու մասին: Տարօրինակ է, որ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները ոստիկանության նշված քայլը դիտում են որպես անձնական կյանքի գաղտնիության իրավունքի, նրանց անվտանգության, ինչպես նաև պատշաճ վարչական վարչույթի իրականացմանն ուղղված հնարավոր սպառնալիք: Այս դեպքում ուղղակիորեն պետք է արձանագրել, որ անձի անվան հրապարակումը բխում է հենց ՀՀ ոստիկանություն բերված անձի շահերից. այսպիսով ապահովվում է նշված անձի գտնվելու վայրի հայտնիությունը: Բացի այդ, անձին ոստիկանություն բերելու նպատակը վարչական պատասխանատվության ենթարկելու նպատակով վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն կազմելն է, իսկ նշված վարչական ակտերը հրապարակային փաստաթղթեր են: Միաժամանակ, ոստիկանություն բերված անձանց տվյալների հրապարակայնությունը թույլ է տալիս հենց նշված անձանց նկատմամբ կիրառվող պատասխանատվությունը դարձնել առավել կանխատեսելի, և լրացուցիչ երաշխիք հանդիսանալ կամայականությունների բացառման ու ոստիկանության գործողությունների օրինականության համար:
Հայտարարության մեջ նշվում է, որ Երևանում ու Գյումրիում դեկտեմբերի 2-ին փաստացի գործել է արտակարգ դրություն: Հարկ է նշել, որ արտակարգ դրությանն առնչվող հարաբերությունները ՀՀ Սահմանադրության 55-րդ հոդվածի համաձայն կարգավորված են հստակ, և որևէ տրամաբանական կապ դեկտեմբերի 2-ին հասարակական կարգի ապահովմանը ներգրավված ոստիկանության ծառայողների գործողությունների, հավաքի մասնակիցների վարքագծի և Երևան քաղաքում ճանապարհային երթևեկության նախապես հայտարարված անհարմարությունների, ինչպես նաև ՀՀ օրենսդրությամբ նախատեսված արտակարգ դրության իրավական ռեժիմի միջև առկա չէ:
Միաժամանակ, ոստիկանությունը չի հերքում ոստիկանության որոշ ծառայողների կողմից ոչ պրոֆեսիոնալ վարքագծի հնարավոր դրսևորման դեպքերը:
Այդ կապակցությամբ ոստիկանության որոշ ծառայողների գործողությունների իրավաչափությունը որոշելու նպատակով ՀՀ ոստիկանության պետի հանձնարարությամբ իրականացվում են ծառայողական քննություններ:
ՀՀ ոստիկանությունն իր իրավասությունների շրջանակում տրված գնահատականները կներկայացնի հանրության ուշադրությանը:
ՀՀ Ոստիկանություն