Բաժիններ՝

Թուրքական ոստիկանությունը նախապես զգուշացվել է Դինքի սպանության ծրագրման մասին. Էրհան Թունջել

Թուրքական Radikal թերթի փոխանցմամբ՝ Հրանտ Դինքի սպանության գործով առաջին դատավարության ժամանակ արդարացված, ներկայումս նախնական կալանքի տակ գտնվող Էրհան Թունջելը երեկ մասնակցել է Դինքի գործով նոր դատավարության երկրորդ դատալսմանը:

Դատարանում իրեն պաշտպանելու վերաբերյալ 15 էջանոց գրությունում Թունջելը մեղադրել է Դինքի սպանության ժամանակ ոստիկանության հետախուզական վարչության պետ Ռամազան Աքյուրեքին՝ հայտարարելով, որ հենց նա է խոչընդոտել սպանության հետաքննության ընդլայնմանը:

Դատական նիստին մասնակցել են Դինքի սպանության գործով առաջին դատավարության արդյունքներով  այդ ամենը ծրագրած և դրա համար ցմահ ազատազրկման դատապարտված Յասին Հայալը, ինչպես նաև 4 կասկածյալ, որոնք գտնվում են ազատության մեջ:

Թունջելն ընդգծել է, որ ժանդարմերիան կապ չի ունեցել Դինքի սպանության հետ և տվյալ հարցում մեղադրել է Տրապիզոնի անվտանգության ծառայության բարձրաստիճան աշխատակիցներին՝ ոստիկանության վարչության նախկին պետեր Սաբրի Ուզունին ու Ալի Ֆուաթ Յըլմազերին, ինչպես նաև Ռամազան Աքյուրեքին: Նրանք չեն արձագանքել Դինքին սպանելու մասին զգուշացմանը և սխալ զեկույց են կազմել:

Թունջելի խոսքերով՝ նրանք ոչ թե ոստիկան են, այլ բանդա, հանցագործների ցանց, որի պարագլուխներն են Ալի Ֆուաթը և Ռամազան Աքյուրեքը: Դատական հաջորդ նիստը տեղի է ունենալու 2014 թվականի հունվարի 7-ին: Տվյալ գործով անցնում է 20 ամբաստանյալ, որոնցից 2-ը գտնվում են կալանքի տակ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս