Վլադիմիր Պուտինն այցելել է 102-րդ ռուսական ռազմակայան
Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն այցելել է Հայաստանում գտնվող 102-րդ ռուսական ռազմակայան: Բազան տեղակայված է պատմական «Մեծ ամրոցի» տարածքում:
Ռազմակայանի հրամանատար Անդրեյ Ռուզինսկին նախագահին զեկուցել է ռազմակայանի գործերի մասին: Նա Պուտինին հայտնել է, որ բազայի կազմում են մտնում մոտոհրաձգային, տանկային, հրետանային և բազմակողմ ապահովման ստորաբաժանումները, որոնց տրամադրության տակ առկա են БМП-2 հետևակի մարտական մեքենաներ, Т-72Б տանկեր, Бук М1-2, Стрела-10 զենիթա-հրթիռային համալիրներ, Смерч համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր, Гвоздика ինքնագնաց հրետանային սարքավորում և ժամանակակից այլ ռազմական տեխնիկա:
Ռուզինսկին հայտարարել է, որ մարտական կազմի հիմնական բաղադրիչը ՀՕՊ-ի ստորաբաժանումներն են, որոնք ունակ են հայտնաբերել և խոցել տրված բոլոր հաճախականություններում հակառակորդի հարձակման օդային միջոցները: Ռուզինսկին զեկուցել է, որ ռազմակայանը կենտրոնացած է երկու ռազմական կայազորներում, 19 զինվորական ավաններում:
Ռուզինսկու խոսքերով՝ ռազմակայանի առջև դրված հիմնական առաջադրանքները հանդիսանում են ռազմավարական զսպման միջոցառումների անցկացումը, ԱՊՀ երկրների ՀՕՊ-ի միացյալ համակարգի հակաօդային պաշտպանության մարտական ծառայության կրումը, Հայաստանի Հանրապետության ու Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ վարչության սահմանային կարգավորմանն աջակցելը:
Պուտինը շնորհակալություն է հայտնել Ռուզինսկուն՝ զեկույցի համար: Նշվում է, որ այդ այցի ժամանակ Պուտինին ուղեկցել է Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: