
Ադրբեջանում պատգամավորական մանդատ վաճառելու փորձ կատարած Ահմեդովային դատապարտել են 3 տարի ազատազրկման

Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Բաքվի՝ ծանր հանցագործությունները քննող դատարանն այսօր կայացրել է նախկին պատգամավոր Գյուլյար Ահմեդովայի դատավճիռը:
Դատարանն Ահմեդովային մեղավոր է ճանաչել քրեական օրենսգրքի երկու հոդվածով՝ 178-րդ (մեքենայություն, վստահության չարաշահմամբ օտարի ունեցվածքի խոշոր չափի յուրացում) և 307-րդ (ծանր հանցագործության քողարկում) և որոշել է նրան դատապարտել երեք տարվա ազատազրկման:
Հիշեցնենք, որ Ֆրանսիայում վտարանդիության մեջ գտնվող Ադրբեջանական միջազգային համալսարանի նախկին սեփականատեր և ռեկտոր Էլշադ Աբդուլաևը 2012 թվականի սեպտեմբերի կեսերին սոցցանցերում տեղադրել էր սենսացիոն մեկ տեսանյութ, որում նա զրուցում է ադրբեջանցի արդեն իսկ նախկին պատգամավոր Գյուլյար Ահմեդովայի հետ, ով ներկայացնում էր իշխող «Ենի Ազերբայջան» կուսակցությունը (ԵԱԿ):
Այդ հանդիպման ժամանակ կողմերը քննարկել են 2005 թվականին Ադրբեջանի խորհրդարանական ընտրությունների հարցը: Աբդուլաևը հայտնում է, որ ցանկանում է դառնալ պատգամավոր, իսկ Ահմեդովան պահանջում է 1 միլիոն դոլար՝ նրան ԵԱԿ-ի պատգամավորական ցուցակում ընդգրկելու համար: Էլշադ Աբդուլաևը համաձայնում է վճարել 500.000 (չի նշվում մանաթ, թե դոլար), սակայն նրան հայտնում են, որ նա այդքան էլ դեռ պետք է վճարի:
Ռեկտորը, սակայն, առարկում է՝ պնդելով, որ իրենք պայմանավորվել են 500.000-ի շուրջ, որ ինքն արդեն իսկ վճարել է այդ գումարը: Նա հավելում է, որ պատրաստ է վճարել ևս 500.000, եթե իրեն ընտրեն խորհրդարանական հանձնաժողովի նախագահ: Սակայն կինը նրան պատասխանում է, որ այդ պաշտոնը զբաղեցնում է Ալի Հուսեյնովը, և ոչ ոք չի փոխի նրան: Ահմեդովան իր զարմանքն է արտահայտում, որ ռեկտորը դեռ սակարկում է իր հետ, և դա այն դեպքում, երբ ինքը համարձակվել է փոխել Իլհամ Ալիևի կազմած ցանկը և ռեկտորին խցկել դրանում:
Այս տեսանյութի հրապարակումից հետո Ադրբեջանում քրեական գործ հարուցեցին Ահմեդովայի նկատմամբ, բացի այդ, նրան վտարեցին ԵԱԿ-ի շարքերից: Ահմեդովան փորձեց փախուստի դիմել երկրից, սակայն նրան ձերբակալեցին Վրաստանի սահմանի մոտ: