
Ռուսաստանում «Գազպրոմին» զրկել են հեղուկացված գազի արտահանման մենաշնորհից

Ուկրաինական UNIAN լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանում ուժի մեջ է մտել հեղուկացված գազի արտահանման ազատականացման մասին օրենքը: Այս մասին հայտնել է Կրեմլի մամլո ծառայությունը:
Օրենքի համաձայն, այսուհետ հեղուկացված գազի արտահանման իրավունք կունենան ոչ միայն «Գազպրոմը» և նրա դուստր ընկերությունները, այլև՝ այն ընկերությունները, որոնք 2013 թվականի հունվարի 1-ի դրությամբ ստացել են երկրի ընդերքից օգտվելու լիցենզիա:
Հեղուկացված գազ կարող են արտահանել նաև այն պետական ընկերությունները, որոնք ստացել են ներքին ծովային ջրերի, տարածքային ջրերի, մայրցամաքային շելֆի՝ ներառյալ Սև և Ազովի ծովերը, սահմաններում ընդերքից օգտվելու իրավունք:
Պետության մասնաբաժինը տվյալ պետընկերություններում կազմելու է ավելի քան 50 տոկոս: Այդպիսով, հեղուկացված գազի արտահանմանը կարող են մասնակցել նաև «Ռոսնեֆտը» և «Յամալը»: