Բաժիններ՝

Հանդբոլի ֆեդերացիայի նախագահը ֆեդերացիաներին կոչ է անում բյուջեի կեսը տրամադրել մարզադահլիճի կառուցմանը

Նոյեմբերի 27-դեկտեմբերի 1-ը «Դինամո» մարզասրահում կանցկացվի հանդբոլի «Հայաստանի վարչապետի գավաթ» միջազգային 4-րդ մրցաշարը: Ի տարբերություն նախորդ տարիների, երբ այս ստուգատեսին մասնակցում էին տարբեր երկրների հանդբոլիստների մեծահասակների հավաքականները, այս տարի արտասահմանյան երկրների ներկայացուցիչների խնդրանքով պետք է խաղան երիտասարդական թիմեր: Անդրադառնալով միջազգային մրցաշարի մասնակիցների կազմին, նշենք, որ ինչպես միշտ, պատվիրակներ են ժամանել տարածաշրջանային մի քանի երկրներից և Ռուսաստանից: Այս տարի Հայաստանի հանդբոլիստների մրցակիցները կլինեն Ռուսաստանի, Ուկրաինայի, Վրաստանի հավաքականները:

Հայաստանի հանդբոլի ֆեդերացիայի նախագահ Սարգիս Գրիգորյանը վստահեցնում է, որ ՀՀ վարչապետի մրցաշարը վաղուց ավանդական դարձած մրցաշար է, որը նաև կարևորվում է Հայաստանում միջազգային մրցաշար անցկացնելու իր բնույթով:

«Ինչպես գիտեք՝ հյուրընկալում ենք Ռուսաստանի, Վրաստանի, Ուկրաինայի երիտասարդական հավաքականներին: Այս հանգամանքը նաև պայմանավորված է 2014-ին կայանալիք Եվրոպայի առաջնությամբ, ինչին նախորդում է այս ստուգատեսը»,- ասում է Ս. Գրիգորյանը, ով 10 տարի ղեկավարելով ֆեդերացիան՝ եկել է այն համոզման, որ թեև այս մարզաձևը մեր երկրում դեռևս գտնվում է սիրողական մակարդակի վրա, այնուամենայնիվ, այն կարող է ոչ միայն զարգանալ, այլև՝ միջազգային հարթակներում հաղթանակներ ապահովել:

«Սիրողական մակարդակի է գտնվում ոչ միայն հանդբոլը, այլ նաև՝ ֆուտբոլից բացի, բոլոր խաղային մարզաձևերը: Պատճառներից մեկն այն է, որ բացակայում են պրոֆեսիոնալ ակումբները, իսկ եթե պրոֆեսիոնալ ակումբներ չկան, և ակումբների մեջ Հայաստանի առաջնություն չկա, այլ կա մարզադպրոցների շրջանակում, ապա դա սիրողական է»,- հավաստիացնում է Ս. Գրիգորյանը՝ հավելելով, որ նույն պատկերը նաև Մերձբալթյան երկրներում է, որտեղ, ինչպես Հայաստանի, այնպես էլ՝ այդ երկրների գործարարները պատրաստ չեն ներդրումներ կատարել սպորտի խաղային ձևերի մեջ, քանի որ գումարների վերարտադրությունն արագ չի կատարվում:

Կարդացեք նաև

Ի դեպ, կառավարությունն ամեն տարի սիրողական սպորտին, ֆեդերացիաներին որպես աջակցություն` հատկացնում է 800-900 մլն դրամ, ընդ որում՝ Հայաստանի հանդբոլի ֆեդերացիային, արդեն 4-րդ տարին է, հատկացվում է 18մլն դրամ: Ֆեդերացիայի նախագահն ընդգծում է, որ չնայած հատկացումներին, այնուամենայնիվ, այս սպորտաձևում աճ չկա. «Պետության հնարավորություններն այնքան են, որքան նա հատկացնում է, որով, ի դեպ, մենք ընդամենը գոյատևում ենք, մինչդեռ զարգացման համար անհրաժեշտ են պրոֆեսիոնալ ակումբներ, ներդրումներ, որպեսզի հնարավոր լինի առաջընթաց ապահովել: Պետք է նշեմ, որ մեր հայրենակիցներն ավելի շատ հետաքրքրություն են ցուցաբերում անհատական սպորտաձևերին, որովհետև նրանց արդյունքներն ուրիշ են, իսկ տվյալ դեպքում՝ թիմային խնդիրները շատ են»: Այնուամենայնիվ, Ս. Գրիգորյանն ընդգծում է, որ այս սպորտաձևը միմիայն կարող է զարգանալ ներդրումների արդյունքում, մինչդեռ մեր գործարարներն արագ շահույթ են ակնկալում, արդյունքում՝ հանդբոլում աճ չի արձանագրվում:
Հանդբոլի ֆեդերացիայի նախագահն անդրադառնալով ևս մեկ կարևոր հանգամանքի՝ նշում է, որ հայ հասարակությունը սպորտին մեծ ուշադրություն չի դարձնում, մասնավորապես՝ ընտանիքներում սպորտի նկատմամբ հատուկ վերաբերմունք չկա, ինչպես նաև՝ չկա մրցումային միջոցառումների այցելության կուլտուրա: Վերջինս հայտարարում է, որ մեր երկրում ընտանեկան սպորտի դաստիարակության պակաս կա, ինչպես որ չկա մշակութային իրադարձություններին, միջոցառումներին մասնակցելու կուլտուրա:

«Մեր երեխաները ֆիզիկապես շատ թույլ են: Ի վերջո, մենք միլիարդավոր դրամներ ենք ծախսում առողջապահական համակարգում հիվանդությունների կանխարգելման, բուժման նպատակով: Մինչդեռ հիվանդությունների կանխարգելման ամենագրագետ ձևը՝ դա սպորտով զբաղվելն է: Եթե ընտանիքում գոյություն ունի սպորտ, ապա հավատացեք, որ մեր հասարակության մինի մոդելը՝ ընտանիքն առողջ է: Ի վերջո, սպորտի մեջ դաստիարակվում են ընկերության, պաշտպանության, կոլեկտիվ մտածողության արժեքները, ձևավորվում է մարդ, որի առողջությունը համաչափ զարգանում է: Այնպես որ, խելամիտ կլինի գումարները ներդնել սպորտի վրա, որպեսզի հետագայում վիրահատությունների համար չծախսենք»,- ասում է Ս. Գրիգորյանը:

Ի դեպ, նշենք, որ Հանդբոլի ֆեդերացիայի նախագահ Սարգիս Գրիգորյանն օրերս Հայաստանի բոլոր ֆեդերացիաների նախագահներին կոչ է արել պետության ֆեդերացիաներին հատկացրած տարեկան 800-900 մլն դրամը 2014-2015թթ. ստանալ կիսով չափ, իսկ մյուս կեսը հատկացնել Սպորտի նախարարությանը՝ միջազգային չափանիշներին համապատասխան մարզադահլիճ կառուցելու համար: Ինչպես հայտնի է՝ Հայաստանը չունի միջազգային չափանիշներին համապատասխան դահլիճ, որը հնարավորություն կտա միջազգային պաշտոնական մրցաշարեր իրականացնել: «Այսօր համաշխարհային և եվրոպական ֆեդերացիաներից ինձ առաջարկում են Հայաստանում պաշտոնական մրցաշարեր անցկացնել, բայց մենք հրաժարվում ենք, որովհետև չունենք համապատասխան դահլիճ: Այնպես որ, եթե ֆեդերացիաները փորձեն իրենց բյուջեի կեսը հատկացնել դահլիճի կառուցմանը, ապա հպարտ կլինենք, որ գոնե մեկ դահլիճ ունենք: Մեր հարևան Վրաստանը 3 դահլիճ ունի Թբիլիսիում, իսկ հիմա էլ՝ միջազգային չափանիշներով ևս 4 դահլիճներ է կառուցում: Ես Հանդբոլի Եվրոպայի և աշխարհի ֆեդերացիաներին խնդրել եմ տրամադրել հատակ, և այն տրամադրել են, որը 100.000-150.000 եվրո արժողության է: Ֆրանսիական, հրաշալի մի հատակ է, բայց Հայաստան չենք տեղափոխում, քանի որ մարզադահլիճ չունենք: Հնարավոր է` զրկվենք դրանից, քանի որ տարին վերջանում է, նրանք պահանջում են տեղափոխել, բայց ո՞ւր տեղափոխեմ: Տեղափոխեմ, պահեստավորե՞մ»,- ասում է Ս. Գրիգորյանը՝ ավելացնելով, որ հանդբոլը հեռանկարային սպորտաձև է, եթե ներդրողներն այդ սպորտաձևում ներդրում կատարելու պատրաստակամություն հայտնեն:

Հիշեցնենք, որ Եվրոպայում ֆուտբոլից հետո խաղային մարզաձևերում հանդբոլն ամենատարածվածն է, իսկ սկանդինավյան երկրներում համարվում է թիվ 1 սպորտաձևը: Ընդ որում, հանդբոլը բավական եկամտաբեր է, Բունդեսլիգան միլիոնավոր դոլարներ է ձեռք բերում այս սպորտաձևի միջոցով: Ֆեդերացիայի նախագահը հավաստիացնում է, որ, եթե Հայաստանում չստեղծվեն հանդբոլի պրոֆեսիոնալ ակումբներ, չենք ունենա նաև միջազգային մրցաշարերում հաջողություն արձանագրելու հեռանկար:

«Հայաստանի վարչապետի գավաթ» միջազգային 4-րդ մրցաշարի հյուրերից է Ռուսաստանի հանդբոլի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Վիկտոր Պոլոդենկոն: Նա հավաստիացնում է, որ, թեև Ռուսաստանում հանդբոլը պրոֆեսիոնալ մակարդակի է, այդուհանդերձ, այնքան բարձր որակ չունի, ինչպիսին Եվրոպական երկրներում է՝ Գերմանիա, Ֆրանսիա, Սկանդինավյան երկրներ, և այլն: Ամեն դեպքում, Ռուսաստանն ամեն ինչ անում է հանդբոլ սպորտաձևում նվաճումներ արձանագրելու համար: «Մենք փորձում ենք այդ ուղղությամբ առաջ շարժվել և, կարծում եմ՝ Հայաստանին օգնելով, համատեղ ուժերով այս սպորտաձևը կարող ենք զարգացնել: Սակայն խնդիրն այն է, որ այսօր Հայաստանում պետք է հնարավորինս շատ աղջիկներ և տղաներ հանդբոլ խաղան, որն առաջին քայլն է այն ամենի, ինչ մենք փորձում ենք անել»,- ասում է Վ. Պոլոդենկոն՝ ընդգծելով, որ, եթե երեխաները հանդբոլ չխաղան, չի լինի նաև պրոֆեսիոնալիզմ:

Վերջինս շատ կարևորում է երիտասարդների թիմերի մասնակցությունը մրցաշարին: Դրանից զատ, ըստ Վ. Պոլոդենկոյի՝ կառավարությունը պետք է ամեն ինչ անի, որպեսզի հանդբոլի լավագույն պատանի մարզիկները մեկնեն այլ երկրներում մրցումների, ինչպես նաև՝ փորձ ձեռք բերելու, իմացությունը հարստացնելու: ««Հայաստանի վարչապետի գավաթ» միջազգային 4-րդ մրցաշարը, որն այս տարի այս ձևաչափով է կազմակերպվել, կարծում եմ՝ մեծապես հանրայնացնելու, պրոպագանդելու է Հայաստանի հանդբոլը:

Նախորդ մրցումներին, երբ խաղում էին մեծերը՝ շատ լավ գաղափար էր, բայց, ամեն դեպքում, դա ինչ-որ իմաստով գովազդային նպատակներ էր հետապնդում, մինչդեռ երիտասարդների մրցաշարի ձևաչափը շատ ավելի հստակ, նպատակային քայլ է Հայաստանում հանդբոլը պրոֆեսիոնալ մակարդակի դարձնելու համար»,- ընդգծեց Վ. Պոլոդենկոն:
ԱՐԱՐԱՏ ԳԵՎՈՐԳՅԱՆ

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս