
Դեկտեմբերի 17-ին Անգելա Մերկելը վերստին կարող է ընտրվել Գերմանիայի կանցլերի պաշտոնում

Deutsche Welle-ի փոխանցմամբ՝ 2013 թվականի դեկտեմբերի 17-ին Անգելա Մերկելը վերստին կարող է ընտրվել դաշնային կանցլերի պաշտոնում: Այդ դեպքում Գերմանիայի նախարարների նոր կաբինետը ձեռնամուխ կլինի իր աշխատանքների կատարմանը:
Անգելա Մերկելի կուսակցությունը՝ «Քրիստոնեա-դեմոկրատական միությունը» Գերմանիայի պատմության մեջ երրորդ անգամ պայմանավորվել է դաշինք ստեղծել իր հավերժ մրցակցի՝ ձախակողմյան «Սոցիալ-դեմոկրատական» կուսակցության հետ: Տվյալ որոշումն ընդունվել է անցած գիշեր՝ կողմերի (ներառյալ «Քրիստոնեա-սոցիալական միության») միջև տեղի ունեցած տևական բանակցություններից հետո:
170 էջանոց պայմանագիրն այսօր ներկայացվելու է հանրության ուշադրությանը: Կողմերի պայմանավորվածության համաձայն, Սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը Անգելա Մերկելի գլխավորած «սև-կարմիր» նոր կառավարությունում ստանալու է նախարարական վեց պաշտոն, «Քրիստոնեա-դեմոկրատական միությունը»՝ նախարարական 5 տեղ՝ գումարած դաշնային կանցլերի պաշտոնը, իսկ «Քրիստոնեա-սոցիալական միությունը» գլխավորելու է 3 նախարարություն:
Դրանով իսկ Անգելա Մերկելը կարող է երրորդ անգամ ընտրվել դաշնային կանցլերի պաշտոնում: