SOS. ՀՀ շուկայից «կորել» են վրացական, ուկրաինական, բուլղարական, բելառուսական և թուրքական հավկիթները
Նոյեմբերի 13-ի դրությամբ Հայաստան է ներկրվել ընդհանուր 6,835,981 հատ ձու Վրաստանից, Ուկրաինայից, Իրանից, Բուլղարիայից, Բելառուսից և Թուրքիայից, սակայն խանութներում առկա են միայն Իրանից ներկրված հավկիթները: Ինչպես 168.am-ին հայտնեց «Իրազեկ և պաշտպանված սպառող» հասարակական կազմակերպության նախագահ Բաբկեն Պիպոյանը, կազմակերպությունն իրացման ցանցում իրականացրել է ուսումնասիրություն, շրջայց է կազմակերպվել շուրջ 40 խանութներում, բայց հանդիպել են միայն իրանական հավկիթներ:
«Դա տարօրինակ է, քանզի հարց է առաջանում, եթե ոչ՝ իրացման ցանցում, ապա որտե՞ղ է հնարավոր գտնել մնացած երկրներից ներկրված խմբաքանակները: Այս պահի դրությամբ ուսումնասիրությունն իրականացվել է միայն Էրեբունի, Աջափնյակ և Դավիթաշեն համայնքների խանութներում: Առաջիկա օրերին, ավարտելով ուսումնասիրությունը մնացած համայնքներում ևս, հանդես կգանք համապատասխան հայտարարությամբ»,- ասաց Բ.Պիպոյանը՝ կոչ անելով բոլոր քաղաքացիներին իրացման ցանցում արտասովոր մակնշմամբ ձու նկատելիս տեղեկացնել ՀԿ-ին՝ զանգահարելով 430 930 թեժ գծի հեռախոսահամարով:
Պիպոյանը նշեց, որ վերջին շրջանում 2 անգամ համապատասխան տեղեկատվություն ստանալու ակնկալիքով դիմել է Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությանը, սակայն պատշաճ, սպառիչ տեղեկատվություն չի ստացել: Ըստ նրա՝ հավկիթի շուկայում պետական վերահսկողությունը նույնպես պատշաճ ձևով չի իրականացվում:
Հարցին՝ հնարավո՞ր է, որ ներկրողներն այդ հավկիթները պահեն և Ամանորի շեմին հանեն վաճառքի, Բ.Պիպոյանը պատասխանեց. «Ինչո՞ւ ոչ»: Նրա խոսքով՝ հավկիթի պահպանման ժամկետը մինչև 20 ջերմաստիճանի դեպքում՝ 28 օր է, և այդ դեպքում մենք նախատոնական շրջանում խանութներում կունենանք հին ձու: Հավկիթը ներկրել են 8 ընկերություններ, այդ թվում՝ տեղական ձու արտադրողներ: Նա չբացառեց, որ ՀՀ արտադրողները, քանի որ իրենց ծավալները քիչ են, կարող են ներկրված հավկիթները մակնշել և վաճառել՝ որպես սեփական արտադրության, ինչն օրենքի խախտում է: