
Ռուսաստանը Վրաստանի վրա ճնշում կգործադրի այլ մեթոդներով. Մամուկա Արեշիձե

Վրացական Pirweli լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռազմավարական հետազոտությունների կովկասյան կենտրոնի ղեկավար Մամուկա Արեշիձեն կարծում է, որ Ռուսաստանը Վրաստանի վրա ճնշում կգործադրի այլ մեթոդներով, որոնք կտարբերվեն Ուկրաինայի վրա նրա գործադրած մեթոդներից:
Արեշիձեի խոսքերով՝ Վրաստանի վրա ճնշում գործադրելու գլխավոր լծակները հանդիսանալու են էթնիկ փոքրամասնություններն ու օկուպացված շրջանները. «Կարծում եմ, որ եթե Ուկրաինան զիջել է դիրքերը (և արդեն երևում է, որ զիջել է), ապա չի կարող երկու կարծիք լինել, որ ճնշում կգործադրվի նաև Վրաստանի վրա, և մենք կհայտնվենք ծանր իրավիճակում:
Չգիտեմ, թե Ռուսաստանն ինչ մեթոդաբանություն կկիրառի մեր դեմ, սակայն արդեն իսկ տեսանելի է, որ ուժերն է փորձում: Դա հատուկ ծառայություններին մոտ կանգնած ռուսական որոշ կայքերի ձեռնարկած հետաքրքիր կամպանիան է Վրաստանում հայերի դրության մասին: Հարցը լավ է ուսումնասիրված, և վերաբերվում է ինչպես Թբիլիսիի, այնպես էլ՝ Ջավախքի հայերին:
Վստահ եմ, որ այդ հարցը դեռ կզարգացվի և կխորացվի: Ինչպես երևում է, Ռուսաստանն այնքան լուրջ է սկսել աշխատել, որ առաջինը մեզ այդ մասին ահազանգել են Թբիլիսիի հայերը: Նրանք հասկանում են, որ իրենց դրությունն օգտագործվելու է Վրաստանի դեմ:
Երկրորդը կապված է այսպես կոչված Հարավային Օսիայի ու մնացյալ Վրաստանի միջև պայմանական սահմանին տեղի ունեցող դեպքերի հետ: Այդ գործընթացն անպայմանորեն շարունակվելու է և լարափակոցների անցկացումը կրելու է ավելի ակտիվ բնույթ: Այնպես որ կլինի ճնշման երկրորդ մասը:
Այն, ինչ Ռուսաստանն արեց Ուկրաինայի պարագայում, չի աշխատում Վրաստանի պարագայում. վրացական արտադրանքի համար ռուսական շուկայի փակումը: Ընդհանուր առմամբ, մեզ սպասվում է ծանր տարի: Վրաստանը պետք է Ռուսաստանին առաջարկի որոշակի նախաձեռնություններ:
Դժբախտաբար, եվրակառույցները հնարավորություն չունեն ավելի ակտիվ լինել իրենց ենթադրյալ ու ապագա գործընկերներին պաշտպանելու հարցում, ընդ որում՝ թե՛ տնտեսական, թե՛ քաղաքական պլանում:
Ելնելով դրանից՝ Վրաստանի իշխանությունները պետք է հաշվի առնեն Ուկրաինայի օրինակը և աշխատեն նախաձեռնությունների փաթեթի մշակման վրա՝ այդ ճնշումից խուսափելու համար: Մենք պետք է ճնշմանը, որը կլինի անպայմանորեն, դիմավորենք պատրաստված վիճակում»:
Վրաստանը պլանավորել է ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագիրը նախաստորագրել նոյեմբերի 28-29-ին Վիլնյուսում կայանալիք «Արևելյան գործընկերության» գագաթաժողովում: