Բաժիններ՝

Բուգարսկին միանգամայն սխալ է համարում մարդկանց փակ հաստատություններում պահելը

Հայաստանում հոգեկան առողջության ոլորտի շահագրգիռ բոլոր կողմերը համակարծիք են` պետք է աջակցել համայնքային ծառայությունների ներդրմանը: Մինչդեռ Հունգարիայում այս մասին քննարկումներն ընթանում են արդեն 15 տարի. ասաց հոգեկան առողջության գծով միջազգային փորձագետ Ժոլտ Բուգարսկին այսօր՝ «Մեդիա կենտրոնում» անցկացված քննարկման ժամանակ:

«Ես շատ լավատես եմ Հայաստանի հարցում: Երկու տարի է` այցելում եմ Հայաստան ու տեսնում եմ այստեղ մի բան, որն իմ երկրում չեմ տեսնում»,- հավելեց Բուգարսկին:

«Հանրային առողջություն» ծրագրի համակարգող Անահիտ Պապիկյանը նշեց, որ Հայաստանում արդեն ձևավորվել է քաղաքական կամք՝ բարեփոխելու հոգեկան առողջության ոլորտը:

«Մարդը, որ ընդունվում է հիվանդանոց և վերադառնում է ընտանիք, չունի այն հնարավորությունները, որոնք կսատարեն նրան ապրելու համայնքում: Վերականգնողական աշխատանքներ չեն արվում, որ մարդը նորից վերադառնա համայնք: Այստեղ պակասում է համայնքային օղակը»,- ասաց Անահիտ Պապիկյանը:

Նա նշեց, որ հոգեկան առողջության խնդիրներ ունեցող մարդկանց համար Հայաստանում գործում է երկու տեսակի ծառայություն՝ ցերեկային կենտրոններ և կացարաններ. սա որոշակիորեն տարբերվում է միջազգային փորձից:

Խորվաթիայի «Սուսռեթ» ասոցիացիայի տնօրեն Ռադմիլա Ստոյանովիչ Բաբիչի խոսքով՝ այժմ իրենք փորձում են ազգային մակարդակով ստեղծել համայնքային ծառայություններ: «Սուսռեթը» վերջին 7 տարում կացարան և աջակցություն է տրամադրել հոգեկան առողջության խնդիրներ ունեցող մարդկանց:

«Ճիշտ աջակցության դեպքում մարդը կարիք չունի հեռանալու համայնքից և պահվելու հաստատությունում: Մենք 12 հոգու աջակցում ենք, և նրանք շատ լավ կյանք են վարում իրենց համայնքերում»,- ասում է Ռադմիլա Ստոյանովիչ Բաբիչը՝ հավելելով, որ իրականում նման աջակցության կարիք ունեցող մարդկանց թիվն իրենց երկրում անհամեմատ ավելի մեծ է:

Իր հերթին Ժոլտ Բուգարսկին նշում է, որ իրենք հաջողությամբ համայնք են տեղափոխել մարդկանց, ովքեր 10-40 տարի են անցկացրել փակ հաստատություններում: Բուգարսկին միանգամայն սխալ է համարում մարդկանց փակ հաստատություններում պահելը:

Նրա խոսքով՝ այդ պրակտիկան իրենց երկրում եկել էր 1950-ականներից, երբ Հունգարիայի սոցիալական հարցերի նախարարը հայտարարեց, որ սոցիալիստական համակարգում չպիտի լինեն «գժեր ու հաշմանդամներ»: Ուստի, այդ մարդկանց մեկուսացրին հաստատություններում, որոնց մեծ մասը գտնվում է սահմանամերձ գոտիներում, նույնիսկ վայրերում, որոնք քարտեզներում նշված չեն:

Բուգարսկու խոսքով՝ արդեն 10 տարի Հունգարիայի կառավարությունը ֆինանսավորում է հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց համար մասնագիտական վերապատրաստման ծրագրեր, որոնք իրականացնում են տարբեր ՀԿ-ներ: Պայմանն այն է, որ 1 տարվա ընթացքում շրջանավարտների 30-50 տոկոսը տեղավորվի աշխատանքի: Բուգարսկին աշխատել է մի կազմակերպության հետ, որը կարողացել է ապահովել այդ ցուցանիշը:

Անահիտ Պապիկյանը նշեց, որ Հայաստանում խուսափում են հոգեկան առողջության խնդիր ունեցող անձանց աշխատանքի ընդունելուց, չկա ձևավորված համակարգ. «Հայաստանում նույնպես կա խարան այդ մարդկանց նկատմամբ: Նրանք համարվում են հասարակության համար վտանգավոր»:

Նոյեմբերի 23-24-ը Երևանում կընթանա Հոգեկան առողջության հարցերին նվիրված միջազգային գիտաժողով:

Քննարկման ամբողջական տեսագրությունը դիտեք այստեղ:

«Մեդիա կենտրոն»

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս