Սմբատ Կարախանյան. Պուտինը մշտական կապի մեջ է և՛ Քոչարյանի, և՛ Տեր-Պետրոսյանի հետ

Հատված «Առաջին լրատվական»-ին տված Մոսկվայի «Միաբանություն» կենտրոնի ղեկավար, քաղաքական վերլուծաբան Սմբատ Կարախանյանի հարցազրույցից:

– ՌԴ ԱԳ նախարար Լավրովը ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ բանակցությունների ավարտին տեղի ունեցած մամլո ասուլիսի ընթացքում տեղեկացրել էր, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը դեկտեմբերի սկզբին պաշտոնական այցով կժամանի ՀՀ։  Ի՞նչ մեսիջ է սա հայաստանյան իշխանության և ընդդիմության համար: Այս այցը չի՞ լեգիտիմացնում  արդյոք ՀՀ իշխանություններին՝ սեպտեմբերի 3-ի որոշումից հետո, երբ մինչ այդ խոսակցություններ էին շրջանառվում, թե ՌԴ-ն չի ների ՀՀ-ին և  Հայաստանի ոչ լեգիտիմ իշխանություններին Եվրոպայի հետ սկսած բանակցությունների համար:

– Անհրաժեշտ է հստակ ֆիքսել, որ ՌԴ-ն Հայաստանում իշխանափոխություն չի իրականացնում,  ՌԴ-ն կարող է աջակցել ՀՀ ժողովրդին, բնակչության մեծամասնությանն իր ձգտումներում՝ ձևավորելու  Հայաստանում լեգիտիմ իշխանություն: ՌԴ-ն կարող է աջակցել ՀՀ բնակչությանը  բնական ճանապարհով քաղաքական պայքարում, որը կարող է հանգեցնել իշխանափոխության, մի խոսքով՝ կարող է աջակցել լեգիտիմ իշխանության  ձևավորմանը: Պուտինը, ՌԴ-ն կնքում են համաձայնագրեր, մտնում են տարբեր միջպետական հարաբերությունների մեջ: Պուտինը և ՌԴ-ն Հայաստանին համարում են դաշնակից երկիր, և իրենք  ՀՀ-ին չեն ասոցացնում ոչ լեգիտիմ ռեժիմի հետ: Այստեղ լեգիտիմացնելու հարց չկա: Հայաստանի հետ կան անվտանգության, ռազմական տարբեր խնդիրներ, որոնք պետք է քննարկվեն: Մասնավորապես, ՌԴ-ի միջոցով և աջակցությամբ պետք է ամրապնդվի ՀՀ-ի և Ղազախստանի  հակաօդային պաշտպանության ցանցը: Հարցը ՀՀ պետության և ոչ թե ոչ լեգիտիմ իշխանությունների մասին է:

– Չէ՞ որ Պուտինը  հանդիպելու է ՀՀ նախագահի՝ Սերժ Սարգսյանի հետ, ով մի շարք ռուսամետ գործիչների  պնդմամբ՝  ՌԴ-ի կողմից ընկալվում է որպես ոչ լեգիտիմ նախագահ:

Կարդացեք նաև

– Այստեղ պետք չէ խառնել Հայաստան պետությունն ու անհատականացված իշխանությունը: ՌԴ-ն վերջին տարիներին աշխատում է Հայաստան պետության հետ: ՌԴ-ն  դրանով ցույց է տալիս, որ Հայաստանում ցանկանում է տեսնել ուժեղ ազգային պետականություն, ՌԴ դիրքորոշումը հստակ է: Այո, իշխանությունները ոչ լեգիտիմ են,   բայց դրա պատճառով ՌԴ-ն չպետք է Հայաստանից երես թեքի: ՌԴ-ն Հայաստանը դիտարկում է որպես ռազմավարական  դաշնակից, ու բոլոր քայլերը գնում են այդ ուղղությամբ:

– Պարոն Կարախանյան, Պուտինի այցին ընդառաջ՝ տարբեր  տեղեկություններ են շրջանառվում, այդ թվում այն,  որ նախատեսվում են  հանդիպումներ, մասնավորապես՝ շրջանառվում են Գագիկ Ծառուկյանի, Լևոն Տեր-Պետրոսյանի և Ռոբերտ Քոչարյանի անունները, սակայն հնչեցին նաև կասկածներ, որ սպառնալիքը չեզոքացնելու նպատակով իշխանությանը հաջողվել է արգելափակել այդ հանդիպումները: Որքանո՞վ են հիմնավոր այս տեղեկությունները:

– Սերժ Սարգսյանն այս  հարցերում ոչինչ չի կարող անել: Այստեղ արգելափակելու խնդիր չկա: Ընդհանրապես Սերժ Սարգսյանը նման հանդիպումները չի կարող արգելափակել: Եթե խոսում ենք այդ հարաբերությունների մասին, ապա բոլոր երեքի հետ էլ, մասնավորապես՝ Քոչարյանի և Տեր-Պետրոսյանի հետ՝ ոչ ուղղակիորեն, Պուտինը երկխոսություն, քննարկումներ և վերլուծություններ անցկացնում է: Դա հաստատ կարող եմ ասել: Կարիք չկա, որ հեռուստաէկրանի առջև իրար ձեռք սեղմեն և ասեն. «բարև Ձեզ»:  Դրա անհրաժեշտությունն ամենևին  չկա: Պուտինը ոչ ուղղակի ավելի շատ քննարկումներ  անցկացնում է նրանց հետ, քան  Սերժ Սարգսյանի: Այստեղ խնդիր չկա:  Պուտինը ցուցամոլության և ճղճիմ քայլերի կողմնակից չէ: Ռեալ քաղաքականությունը տարվում է  շատ ավելի լուրջ և հանգիստ տեղերում, ոչ ճղճիմ և ցուցադրական: Խնդիր չեմ տեսնում, կարող է Պուտինը գալ և շատ հանգիստ Քոչարյանի հետ հանդիպել, բայց նման խնդիր չկա: Պուտինը, եթե ինչ-որ բան է ուզում ասել Քոչարյանին կամ  Տեր-Պետրոսյանին, նա դա անում է: Դա խնդիր չէ, ու ցուցադրական հանդիպումներով չէ, որ դա պետք է անի:

– Ձեր կարծիքով՝ այսօր ասելիք կա՞:

– Ասելիքները միշտ ասվում են և անընդհատ: Բոլոր կողմերը փոխանակվում են  տեսակետներով: Ասելիքը տեղ հասցնելու համար անհրաժեշտ չեն տեսախցիկների առաջ ձեռքսեղմումները: ՌԴ իշխանությունը ցուցադրական մեթոդներով չի աշխատում:

Ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում:

Տեսանյութեր

Լրահոս