ՊԵԿ պարզաբանումը՝ ՄԻՊ աշխատակազմի հայտարարության վերաբերյալ
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը նոյեմբերի 19-ի հայտարարությամբ արտահայտել է մտահոգություններ, որոնց վերաբերյալ Պետական եկամուտների կոմիտեն Մարդու իրավունքների պաշտպանին գրավոր պարզաբանումներ է ներկայացրել դեռևս սեպտեմբերին: Այնուամենայնիվ անհրաժեշտ ենք համարում ևս մեկ անգամ պարզաբանել. «Շրջանառության հարկի մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասով հստակ սահմանված է, որ շրջանառության հարկ վճարող են համարվում նույն հոդվածի 2-րդ մասով սահմանված պայմանները բավարարող ՀՀ ռեզիդենտ համարվող առևտրային կազմակերպությունները, անհատ ձեռնարկատերերը և նոտարները, այդ թվում` նոր ստեղծված հարկ վճարողները (այսուհետ` անձինք): Նույն հոդվածի համաձայն, շրջանառության հարկ վճարող չեն կարող համարվել անձինք, որոնց միաժամանակ պատկանում է մեկից ավելի առևտրային կազմակերպությունների կանոնադրական կապիտալի 20 տոկոս և ավելի փայաբաժինը: Առավել, քան հստակ է, որ անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձինք չեն ներառվում «անձ» հասկացության մեջ: Ավելին, հրապարակման տրամաբանությամբ առաջնորդվելու դեպքում, «անձ» հասկացության մեջ կարելի է ներառել նաև պետական ոչ առևտրային, հասարակական կազմակերպություններին, հիմնադրամներին, ի վերջո պետությանը` պետական մասնակցության դեպքում, ինչը ոչ միայն կհակասեր օրենքին, այլև իրապես կխախտեր իրավական ակտի դրույթների տրամաբանությունը: Օրենքի նշված դրույթների յուրովի մեկնաբանության պարագայում անտեսվում է նաև նկարագրված իրավիճակի փաստացի հակառակ կողմը, երբ բազմաթիվ սուբյեկտներ օրենքով սահմանված կարգով իրենց համարել են շրջանառության հարկ վճարող, սակայն «անձ» հասկացության ներկայացված մեկնաբանությամբ առաջարկվում է նրանց համարել ԱԱՀ վճարող` դրանից բխող բոլոր հետևանքներով: Հրապարակման մեջ բերված «սխալ մեկնաբանություն» կարող էր որակվել ճիշտ հակառակ իրավիճակը, եթե ՊԵԿ-ը մեկնաբաներ, որ անհատ ձեռնարկատեր չհանդիսացող քաղաքացիները ներառվում են այդ օրենքի իմաստով կիրառվող «անձ» հասկացության մեջ, ինչը սահմանված չէ օրենքով:
«Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքով նախատեսված է նաև կամավոր հիմունքներով ԱԱՀ վճարող համարվելու հնարավորություն: Օրենքի 3-րդ հոդվածով կազմակերպությունները, որոնք համարվում են շրջանառության հարկ վճարող, ցանկացած եռամսյակում կարող են համարվել ԱԱՀ վճարող` այդ մասին սահմանված ձևով գրավոր հայտարարություն ներկայացնելու դեպքում: Ինչ վերաբերում է ՀՀ կառավարության 04.08.2011թ. N1104-Ն որոշմամբ սահմանված ԱԱՀ վճարող հաշվառվելու հայտարարություն ներկայացնելուն, ապա հիշեցնենք, որ այն սահմանված է միայն արդեն իսկ ԱԱՀ վճարող համարվողների համար: Ընդ որում, նույն որոշման համաձայն, ԱԱՀ վճարող համարվելու վերաբերյալ հայտարարություն ներկայացրած շրջանառության հարկ վճարողներն արդեն չեն ներկայացնում ԱԱՀ վճարող հաշվառվելու հայտարարություն: Օրենքն այս դեպքում միանշանակ սահմանել է ԱԱՀ վճարող համարվելու միակ ձևը` հայտարարությունը սահմանված ձևով ու ժամկետներում հարկային մարմին ներկայացնելը: Առավել, քան հստակ է, որ երկու հայտարարությունները տարբեր են, և եթե ԱԱՀ վճարող համարվելու վերաբերյալ հայտարարություն չներկայացրած հարկ վճարողը ներկայացրել է որպես ԱԱՀ վճարող հաշվառվելու հայտարարություն, ապա բովանդակային առումով օրենքի պահանջները պահպանված չեն կարող համարվել: Եթե տնտեսվարող սուբյեկտն իր կամքով չի ներկայացրել սահմանված ձևի հայտարարություն և չի նշել, թե որ օրվանից է ցանկանում լինել ԱԱՀ վճարող, ՊԵԿ-ն իրավասու է նրան ճանաչել ԱԱՀ վճարող: Այդ դեպքում հարց է ծագում` որքանով իրավաչափ կլիներ ԱԱՀ վճարող համարվելու վերաբերյալ հայտարարություն չներկայացրած անձանց ԱԱՀ վճարող համարելու` ՊԵԿ-ի մոտեցումը:
Ինչ վերաբերում է «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածին, ապա հարկ է նշել, որ նույն օրենքի համաձայն, առանձին տեսակի վարչական վարույթների առանձնահատկությունները սահմանվում են օրենքներով: Տվյալ դեպքում միանշանակ է, որ «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքով ԱԱՀ վճարող համարվելու, որպես ԱԱՀ վճարող հաշվառվելու և ԱԱՀ վճարողի հաշվառման համար կիրառելու առումով սահմանված են պարտադիր նորմեր, որոնք ենթակա են պարտադիր կատարման հարկ վճարողների կողմից: Միաժամանակ սահմանված են վարչական վարույթի առանձնահատկություններ, որոնք պարտադիր պետք է կիրառվեն հարկային մարմնի կողմից: Օրենքի նշված դրույթների յուրովի մեկնաբանության պարագայում նորից անտեսվում է նկարագրված իրավիճակի փաստացի հակառակ կողմը: Մեծաքանակ հարկ վճարողներ, որոնք սխալմամբ ներկայացրել են ԱԱՀ վճարող հաշվառվելու հայտարարություն, դիմել են ՊԵԿ-ին` խնդրելով հետ վերադարձնել իրենց հայտարարությունները, որպեսզի շարունակեն համարվել շրջանառության հարկ վճարող: Դիմողներին պարզաբանվել է օրենքի այն միանշանակ պահանջի մասին, որ ԱԱՀ վճարող հնարավոր է համարվել միայն այդ մասին հայտարարություն ներկայացնելով և որ ԱԱՀ վճարող հաշվառվելու հայտարարություն ներկայացրած լինելու հանգամանքը հիմք չի հանդիսանում նրանց ԱԱՀ վճարող համարելու համար: Արդյունքում, նշված հարկ վճարողներն օրենքին համապատասխան իրենց շարունակել են համարել շրջանառության հարկ վճարողներ: Առաջարկվող մեկնաբանությունը ենթադրում է նաև բազմաքանակ հարկ վճարողներին ԱԱՀ վճարող համարվելու առումով օրենքին հակասող պահանջների ներկայացում` դրանով իսկ հարկ վճարողների համար ստեղծելով բարդ իրավիճակ:
Հետևաբար «Շրջանառության հարկի մասին» և «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքների դրույթները հակասություններ, երկիմաստություններ կամ տարընթերցումներ չեն պարունակում: ՊԵԿ-ը, որպես օրենսդրություն կիրառող մարմին, օրենքների դրույթները կիրառում է «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքին համապատասխան, այլ ոչ թե առաջնորդվում տարբեր իրավիճակներում օրենսդրության դրույթներին հակասող մեկնաբանություններով ու մոտեցումներով, քանի որ նշված օրենքի 87-րդ հոդվածի համաձայն, իրավական ակտը մեկնաբանվում է դրանում պարունակվող բառերի և արտահայտությունների տառացի նշանակությամբ` հաշվի առնելով օրենքի պահանջները:
Ամփոփելով, հիշեցնենք, որ հենց Պետական եկամուտների կոմիտեն է հանդես եկել նախաձեռնություններով` ուղղված փոքր ու միջին բիզնեսի համար օրենսդրությունը պարզեցնելուն և ավելորդ թղթաբանությունը կրճատելուն, այդ պարագայում անհասկանալի է դառնում, թե ում շահերի պաշտպանությանն են միտված ՄԻՊ գրասենյակի գործողությունները:
ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին