Ցուգիո Մակիմոտո. «ՏՏ ոլորտում հաջողակ լինելու համար պետք է գլոբալ մտածեք»

Այս օրերին Հայաստանում է գտնվում «Թեքնո Վիժն» ընկերության նախագահ, «Հիտաչի» ընկերության էլեկտրոնային սարքերի խմբի նախկին գործադիր տնօրեն, դոկտոր Ցուգիո Մակիմոտոն (Dr. Tsugio Makimoto): Նա այս տարվա Տեղեկատվական տեխնոլոգիաների (ՏՏ) ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ նախագահի մրցանակի դափնեկիրն է:

Ներկայացնում ենք «168 Ժամի» հարցազրույցն աշխարհահռչակ Ցուգիո Մակիմոտոյի հետ:

– Բարի գալուստ Հայաստան, պարոն Մակիմոտո:  Դուք  ժամանել եք Հայաստան՝ ՀՀ նախագահի մրցանակը ստանալու նպատակով, որն արդեն չորրորդ անգամ է տրվում ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար որևէ պրոֆեսիոնալի: Հավանաբար շատ մրցանակների դափնեկիր եք, այդուամենայնիվ, հետաքրքիր է՝ ի՞նչ զգացողություններ ունեք՝ հատուկ այս մրցանակի հետ կապված:

– Այո, իրականում ես մի քանի մրցանակներ եմ ստացել՝ թե՛ մեծ, թե՛ փոքր, սակայն, կարծում եմ, որ սա ամենաբարձր գնահատականն է իմ նվաճումների, որը ստացել եմ իմ կյանքի մեջ: Շատ մրցանակներ ունեմ, բայց սա կարող եմ նկատել՝ որպես ամենակարևորը և ամենաբարձրը:

Կարդացեք նաև

– Մինչ  Հայաստան Ձեր այս այցը  լսե՞լ էիք Հայաստանի մասին:

– Հայաստանի մասին գիտեի, սակայն քիչ բան գիտեի, մինչդեռ այստեղ գալով՝ շատ բաներ եմ սովորել, անգամ՝ հայերեն որոշ բառեր: Իրականում Հայաստանն ինձ երկու ուղղություններով բավական հետաքրքրում է. մեկը` այս երկրի պատմական և մշակութային ուղղությունն է, քանի որ Հայաստանը շատ երկար և հինավուրց պատմություն ունի, և երկրորդ ուղղությունը, որն ինձ հետաքրքրում է՝ դա նոր Հայաստանն է, որն, ինչպես երևում է, բավական հզորացած է: Իրականում ես շատ ուրախ եմ, որ Հայաստանը  տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը դիտարկում է՝ որպես ռազմավարական կարևոր ուղղություն: Այս օրերին գտնվելով Հայաստանում՝ ես այցելել եմ այս ոլորտի տարբեր ընկերություններ և շատ հանդիպումներ եմ ունեցել տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի տարբեր ներկայացուցիչների հետ ու փորձել եմ ավելի խորը հասկանալ Հայաստանը՝ վերոնշյալ երկու ուղղություններով` ճանաչել պատմությունը և մշակույթը, ինչպես  նաև՝ հասկանալ ներկա զարգացումները: Իրականում պաշտոնական այցը 3 օրով էր նախատեսված, սակայն ես որոշեցի մնալ այստեղ մինչև 10 օր, որպեսզի ավելի լավ հասկանամ հին ու նոր Հայաստանը:

Mikimoto (1)

– Մամուլում հրապարակված հոդվածներից մեկում  նշում էիք, որ Ձեր երազանքն է, որպեսզի Հայաստանը և Ճապոնիան միմյանց հետ համագործակցեն: Ինչպե՞ս եք պատկերացնում, ինչպե՞ս  պետք է համագործակցեն այս երկու երկրները:

–  Իրականում ես չունեմ որևէ կոնկրետ գաղափար, սակայն կարծում եմ, որ շատ կարևոր է սկսել հաղորդակցությունը` հիմիկվանից սկսած: Այս օրերին ես հանդիպում ունեցա նաև ՀՀ վարչապետի հետ և նրան առաջարկեցի այցելել Ճապոնիա: Իրականում  ոչ բոլոր ճապոնացիները գիտեն Հայաստանի մասին, բայց երբ, օրինակ, Հայաստանի վարչապետը գա Ճապոնիա, շատ ճապոնացիներ կհետաքրքրվեն Հայաստանով, և կարծում եմ՝ դա առաջին քայլն է մտերմիկ հարաբերությունների համար: Երկու երկրների համագործակցության հարցը բարձրացրեց նաև վարչապետը, և մենք շատ տարբեր նյութերի շուրջ խոսեցինք: Ճապոնիան և Հայաստանը հետաքրքրություններ ունեն ՏՏ ոլորտի վերաբերյալ, սակայն կան նաև այլ ոլորտներ, իսկ Հայաստանը միայն մի ոլորտի մեջ չի կարող լինել, քանի որ երկրի կարողությունները սահմանափակ են. թե ծովային, թե ֆինանսական, թե մնացյալ կարողությունները: Օրինակ` Հայաստանում չեք կարող կիսահաղորդչի արտադրություն կազմակերպել, քանի որ այն բավականին թանկ արժե, սակայն այլ ուղղություններով կարող ենք համագործակցել: Այս ամենի մասին մենք խոսեցինք, իսկ  Հայաստան-Ճապոնիա համագործակցության հարցում ես պատրաստ եմ օժանդակել:

– Հայաստանն իր համար առաջնահերթություն է համարում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը: Նշեցիք, որ այստեղ արդեն տարբեր հանդիպումներ եք ունեցել թե՛ մասնավոր ընկերությունների, և թե՛ պետական կառույցների ներկայացուցիչների հետ, մեր նման փոքր երկրում ՏՏ ոլորտի զարգացումն ինչպե՞ս եք տեսնում:

 –   Իմ տպավորությունն այսպիսին է. շատ լավ է, որ Հայաստանը որոշել է և որպես գերակա ճյուղ է հայտարարել ՏՏ ոլորտը և հետաքրքրված է այս ոլորտն ավելի լավացնելով, քանի որ ՏՏ-ն իրականում մրցակցության ամենաազդեցիկ և ուժեղագույն զենքն է այսօր, և այն շատ կարևոր է Հայաստանի համար՝ գլոբալ մրցակցությանը դիմակայելու առումով: Սեպտեմբերին Ճապոնիայում Հայաստանի վերաբերյալ սեմինար տեղի ունեցավ, որին մասնակցում էի նաև ես: Այդ ժամանակ ներկայացվում էին Հայաստանի կարողությունները, այդ թվում նաև՝ Հայաստանի ՏՏ ոլորտը և այդ ոլորտի մեջ Հայաստանի հնարավորությունները: Հենց այդ ժամանակ շեշտվեց, որ Հայաստանը ՏՏ ոլորտը որպես ռազամավարական գերակա ճյուղ է ընտրել, և ներկայացրեցին ոլորտի գործունեությունը և հեռանկարները:

Mikimoto (2)

Այդ ժամանակ առաջին անգամն էր, որ սկսեցի ավելի լավ հասկանալ Հայաստանի ՏՏ մոտեցումներն ու կարծիքները: Իրականում դա բավականին տպավորիչ էր ինձ համար, և շատ ուրախ եմ, որ Հայաստանն այդչափ կարևորություն է տալիս այս ոլորտին: Իմ կյանքը կիսահաղորդիչների մեջ է անցել, որն ամենակարևոր մասն է, էլեկտրոնիկայի և ընդհանրապես էլեկտրոնային նախագծման ավտոմատացման (EDA) ոլորտը շատ կարևոր ոլորտ է: Այս ոլորտում աշխարհում  առանձնանում են 3 հզոր ընկերություններ, որոնցից երկուսը Հայաստանում գործունեություն են ծավալում (Synopsys, Mentor Graphics.- Լ.Մ.), ինչը բավականին խոսուն է:

– Ի՞նչ խորհուրդ կտաք երիտասարդներին, ՏՏ ոլորտում աշխատելիս ինչի՞ վրա պետք է ուշադրություն դարձնեն, ի՞նչ ուղղությամբ պետք է աշխատեն և ի՞նչ start-up-ներ (նորաստեղծ ընկերություններ) ստեղծեն, որպեսզի հաջողության հասնեն:

– Կարծում եմ՝  ՏՏ ոլորտում հաջողակ լինելու համար, առաջին հերթին, պետք է հաջողակ լինել գլոբալ մակարդակում, ոչ միայն հայաստանյան տեղական շուկայում: Այսինքն` դուք պետք է գլոբալ մտածեք: Երիտասարդների համար շատ կարևոր է բիզնես գործունեություն ծավալել ոչ միայն Հայաստանում, այլև` Հայաստանից դուրս, սակայն այդ ամենի համար նրանք պետք է ունենան անգլերեն լեզվի լավ խոսակցական և հասկանալու հմտություններ: Բացի այդ, կարևոր է հասկանալ,  թե ի՞նչ է կատարվում գլոբալ շուկայում, ի՞նչ ուղղությամբ է շուկայի զարգացումն ընթանում, որտե՞ղ է շուկան, և որտե՞ղ է իրենց բիզնեսը, և  նմանատիպ շատ այլ հարցեր, եթե կարիքը կա՝ պետք է գնան նաև Հայաստանից դուրս՝ այդ ամենն ավելի լավ պատկերացնելու համար: Ինչ վերաբերում է Start-up-ներին, ապա նրանք ոչ միայն պետք է դիտարկեն, թե աշխարհը որ ուղղությամբ է ընթանում, և որ ճյուղերն են ավելի զարգանում, այլև՝ թե որտե՞ղ է ավելի հեշտ մուտք գործելը:

Mikimoto (3)

Իհարկե, գլոբալ շուկայում բիզնես գործունեություն ծավալելը հեշտ չէ, հատկապես, եթե տվյալ մարդը նոր է այս բնագավառում, բացի այդ, բիզնես սկսելը դեռ չի նշանակում, որ պետք է այն հաջողվի: Չհաջողված ընկերությունների քանակը կամ տոկոսային հարաբերությունը շատ մեծ է, և քչերն են հաջողակ լինում, մանավանդ, որ միջազգային շուկայում հաջողակ լինելը շատ ավելի դժվար է: Ուրեմն սկսելը շատ հեշտ է, բայց ինչպես նավն է տեղ հասնելու համար բազմաթիվ ալիքների և փորձությունների ենթարկվում և  դժվարությունների միջով անցնում, այնպես էլ բիզնեսը հեշտ բան չէ: Իհարկե, ռիսկեր կան, սակայն այդ ամենին դիմակայելու և հաջողակ լինելու համար կարևորում եմ փորձառու մարդկանց հետ շփումը, ու նաև դրսի հետ կապը, քանի որ շուկան այստեղ փոքր է: Այնպես որ, հեշտ բան չէ բիզնեսում հաջողություն ունենալը:

– Դուք բավական հաջողակ եք Ձեր կարիերայում,  ո՞րն է Ձեր հաջողության գաղտնիքը:

– Նախ՝ ես հաջողակ էի, որովհետև իմ գործունեությունը սկսեցի այն ժամանակ, երբ բարձր տեխնոլոգիաների ոլորտը նոր էր սկսում զարգանալ: Այն ժամանակ շատ ոլորտներ բաց էին, և շատ հնարավորություններ կային, ու այդպիսով շատ առիթներ կային, որ կարող էին օգտագործվել: Կարծում եմ, որ բախտավորություն էր այն, որ ես այդ ժամանակ սկսեցի իմ կարիերան: Երկրորդ պատճառը, կարծում եմ, այն է, որ ես աշխատել եմ «Հիտաչի» ընկերությունում՝ արդյունաբերության համար բավականին բարդ ժամանակաշրջանում: Այն ժամանակ դեռ ամբողջովին բացահայտված չէին նոր տեխնոլոգիաների առևտրայնացման հնարավորությունները, և բավականին լավ հնարավորություններ կային՝ գտնելու և բացահայտելու դրանք:

Այդ առումով ես բավականին հաջողակ էի և հնարավորություն ունեի ամենաառաջիններից մեկն այդ ամենը սկսելու: Այսպիսով, իմ հիմնական գործն էր նոր տեխնոլոգիաների առևտրայնացումը ՏՏ ոլորտում: Այսինքն` տեսնել ոլորտի խնդիրներն ու համապատասխան լուծումներ տալ դրանց, նաև կանխատեսումներ կատարել ապագայի համար և իմանալ, թե հաճախորդը կամ շուկան ինչի՞ պետք ունեն, և լուծում առաջարկել այդ ամենի համար, այնուհետև այդ ամենը նախատիպից հասցնել լայնածավալ արտադրության: Այդ ամենն իրականում բավականին բարդ գործընթաց է, քանի որ միևնույն ժամանակ՝ պետք է տվյալ ապրանքի գինը բարձր չլինի և ժամանակին լինի, որպեսզի մեկ ուրիշ ընկերություն ձեզանից առաջ այդ առաջարկը հանկարծ չանի:

Mikimoto (6)

Ես բախտավոր էի, որ «Հիտաչի» ընկերությունում էի աշխատում: Այս հնարավորություններից և քրտնաջան աշխատանքից բացի, ինձ սպասում էր նաև պաշտոնի իջեցում և անգամ պաշտոնից զրկում, ինչը, սակայն, լավագույն բանն էր ինձ համար, քանի որ ես շատ զբաղված էի այդ ընթացքում և չէի կարողանում մտածել, և այդպիսով ինձ ժամանակ տրվեց մտածելու, թե աշխարհն ինչպե՞ս է շարժվում, ռազմավարական մտածումներ ունենալ ինչպես՝ առարկաների, այնպես էլ՝ հաճախորդների ցանկությունների և աշխարհի փոփոխական լինելու մասին: Եվ այդ ամենի վրա հիմնվելով՝ ստեղծեցի Makimoto’s Wave-ը,  այսինքն` գյուտ արեցի: (Նշենք, որ Makimoto’s Wave-ը ցույց է տալիս կիսահաղորդչային արդյունաբերության ցիկլային բնույթը և այլն.- Լ.Մ.): Առանց այդ ամենի՝ ես նման բան մտածելու ժամանակ չէի ունենա, իսկ դա նպաստեց, որ ես մի կողմ դնեմ ամեն բան և մտածեմ:

Այժմ գտնվելով Հայաստանում՝ ուզում եմ  նշել, որ Հայաստանը բավականին ճիշտ ուղղություն է ընտրել: Խոսքը, մասնավորապես, ՏՏ ոլորտի նկատմամբ ուշադրություն դարձնելու մասին է, և սա ամենաճիշտ ուղղությունն է, որի վրա պետք է կենտրոնանալ, և ես  մաղթում եմ, որ Հայաստանը կարողանա հասնել այդ ամենին, քանի որ տեսնում եմ նրանց ջանքերը:

«168 ԺԱՄ»

Տեսանյութեր

Լրահոս