Նիկոլ Փաշինյանի արձագանքը՝ Իշխան Զաքարյանի հարցազրույցին
ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել, որտեղ անդրադարձել է Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանի «168 Ժամ» թերթին տված հարցազրույցին:
«ՀՀ Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանը «168 ժամ» թերթին պարզաբանում է տվել իր տան կառուցման կապակցությամբ և արել հիրավի սենսացիոն բացահայտում: Պարզվում է՝ ՀՀ Վերահսկիչ պալատի նախագահը ունի լիազորագիր կառավարելու ԱՄՆ քաղաքացի հանդիսացող Ալբերտ Բոյաջյանի բանկային հաշիվը՝ «Հայգյուղփոխբանկում»:
Հիրավի մեծագույն հայտնագործություն. դու տնօրինում ես գումարներ, որոնք քո անվան հետ կապ չունեն: Դու չունես անհրաժեշտություն՝ բացատրելու այդ հաշիվների ոչ մուտքերի ծագումնաբանությունը, ոչ ելքերի պատճառաբանությունը: Այդ գումարները քոնն են դե-ֆակտո, բայց քոնը չեն՝ դե-յուրե: Եվ ոչ ոք չի կարող քեզ հարցնել, թե որտեղի՞ց այդ գումարները: Իսկ եթե գտնվի որևէ մեկը, որ համառորեն հարցնի՝ դու ունես պատասխան. դրանք Ալբերտ Բոյաջյանի գումարներն են, իսկ Ալբերտ Բոյաջյանը պարտավոր չէ բացատրել, թե որտեղից այդ գումարները, որովհետև ինքը ԱՄՆ քաղաքացի է: Իսկ ԱՄՆ-ում փողը մայթերին է թափված:
Իշխան Զաքարյանն արձանագրում է, ըստ այդմ, որ իր մի քանի միլիոն դոլար արժողությամբ առանձնատունը կառուցվել է Ալբերտ Բոյաջյանի հաշիվներում եղած գումարներից: Հիրավի «սպառիչ» պատասխան: Չգիտեի, որ պարոն Զաքարյանն այսպիսի նուրբ հումորի զգացում ունի»,- գրել է Նիկոլ Փաշինյանը: