
ՀՀԿ-ի տատիկը` ակցիայի մասնակիցներին. «Էս ձեր ակցիաները վերջացրեք, տուն գնացեք… դավայ…» (տեսանյութ)

Ինչպես տեղեկացրել ենք, «Ընդդեմ կենսաթոշակային 5 տոկոս պարտադիր վճարին» ֆեյսբուքյան նախաձեռնության անդամներն այսօր հավաքվել էին Մաշտոցի պուրակում, որտեղ ներկայացրեցին իրենց առաջարկներն ու քննարկեցի հետագա քայլերը: Քննարկմանը մասնակցելու էր եկել նաև ՀՀԿ-ական հայտնի տատիկը: Նա կոչ էր անում ակտիվիստներին հեռանալ ու չպայքարել ընդունված օրենքի դեմ: Որքան էլ ակտիվիստները փորձում էին չպատասխանել նրա բարձրաձայն մտքերին, ոստիկաններն էլ փորձում էին հեռացնել նրան տարածքից, որպեսզի ակցիան կայանա, տատիկը շարունակում էր մնալ Մաշտոցի պուրակում ու հետևել երիտասարդների քննարկմանը:
Նա հայտարարում էր, որ «ամոթ» է պայքարել այդ օրենքի դեմ` համարելով, որ դա ճիշտ օրենք է: «Ամբողջ գործարանները անաշխատունակ կանգնած են, իսկ դուք եկել եք ակցիա եք անում ու հայրենասիրությունից եք խոսում, ի՞նչ հայրենասիրություն, հերիք ա»,- «հայրենասիրության» մասին խոսողներից դժգոհելով ասաց նա՝ թափահարելով իր մոտ եղած թերթը, որի վրա պատկերաված էին Զարուհի Փոստանջյանն ու Րաֆֆի Հովհաննիսյանը: «Ի՞նչ եք ուզում երկրից` էսքան մարդկանց խփում, գետին եք քցում, հերիք ա…»,- շարունակում էր նա:
Տեղի ունեցավ նաև փոքր միջադեպ ՀՀԿ-ական տատիկի և ակցիայի մասնակից մի տարեց տղամարդու միջև, ով հորդորում էր չխանգարել ու հեռանալ Մաշտոցի պողոտայից: «Ի՞նչ ես եկել էստեղ, գնա Գալուստ Սահակյանի կողքը նստի, զզվեցրիր…»,- զայրացած ասաց տղամարդը՝ ոստիկաններին հորդորելով հեռացնել տատիկին Մաշտոցի պուրակից: «Հիմա որ մենք խոսայինք՝ վռազ տարել էիք»,- դժգոհեց ակցիայի մասնակից տղամարդը: