
Արմեն Երիցյան. Այսինքն՝ պետք է մեկին պատրաստես, տանես էնտեղ կանգնացնե՞ս, հետո գաս՝ անցնես փրկե՞ս, դա հիմարություն է (տեսանյութ)

Համացանցում մեծ աղմուկ էր բարձրացրել Արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանի մասնակցությամբ տեսանյութը, որտեղ նախարարը համոզում է քաղաքացուն ինքնասպանություն չգործել: Շատերը թերահավատորեն մոտեցան միջադեպին՝ համարելով, որ նախարարն անձամբ է կազմակերպել դա՝ սեփական PR-ի համար:
168.am-ը Արմեն Երիցյանից հետաքրքրվեց, թե ինչպե՞ս է վերջինս վերաբերում իր հասցեին հնչած քննադատություններին և արդյո՞ք սեփական PR-ի համար էր կազմակերպել փրկարարական այդ սցենարը:
Ի պատասխան Արմեն Երիցյանն ասաց. «Յուրաքանչյուր նորմալ մարդ, յուրաքանչյուր նորմալ տղամարդ, եթե տեսնում է, որ մեկը փորձում է ինքնասպանություն գործել, պետք է աներ այն, ինչ արեցի ես»:
Մեր դիտարկմանը, թե շատերը տարօրինակ են համարում այն, որ հայտնվել եք ճիշտ ժամին, ճիշտ տեղում և այն էլ տեսախցիկով, նախարարն այսպես արձագանքեց. «Ես տեսախցիկով երբևիցե ման չեմ եկել: Հիմա ոնց որ դուք եք հեռախոսներդ ձեռքներիդ, այնտեղ էլ մի չորս-հինգ հոգի հեռախոսներով նկարում էին: Դա է եղել, իսկ ես վերադառնում էի վարչապետի մոտից, խորհրդակցություն էր… զուգադիպեց»:
Արմեն Երիցյանն ասաց, թե ով քննադատում է իրեն՝ միջադեպը կազմակերպելու մեջ, հենց նա էլ կարող է նման քայլի դիմել: «Յուրաքանչյուրը մտածում է իր խելքի չափով, ուղեղի ծավալի չափով: Նշանակում է, որ ով այդպես մտածում էր, ինքը կարող է էդպիսի բան անել, բայց նորմալ մարդը ո՞նց կարող էր նման… այսինքն պետք է մեկին պատրաստես, տանես էնտեղ կանգնացնե՞ս, հետո գաս՝ անցնես փրկե՞ս: Մինիմումը, ես գտնում եմ, որ դա հիմարություն է»:
Մեր հարցին, թե վիրավորվե՞լ եք այդ քննադատություններին, նա պատասխանեց. «Շատ վիրավորական ա, բայց… Ռուս կլասիկներից կադացե՞լ եք, որ ասում ա՝ դատավորներն ովքե՞ր են: Եթե գնահատական տվողը դու նայում ես, տեսնում ես, որ երեխա է, չեմ կարծում, որ… Ես կարծում եմ, որ իմ արածը նորմալ երևույթ է և յուրաքանչյուրը կաներ այն, ինչ-որ ես եմ արել: Հիմա տենց ինչ-որ մի բան էլ չենք արել՝ կարողացել ենք, համոզել ենք, հետո ա եկել: Թե չէ՝ մի եսիմ ինչ արարք չենք արել դրանով»: