
Մաքսային միությանն անդամակցությունը կնպաստի մրցակցության զարգացմանը Հայաստանում. Արտակ Շաբոյան

«Մաքսային միության ներքո առևտրային ընթացակարգերը, միանշանակ, կպարզեցվեն, կհստակեցվեն, դա կնպաստի ՄՄ անդամ երկրների հետ առևտրաշրջանառության ծավալների ավելացմանը, առևտրային պայմանների դյուրացմանը և, բնականաբար, սա իր հերթին կնպաստի մրցակցության զարգացմանը Հայաստանում»,- 168.am թղթակցի հետ զրույցում ասաց ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը:
Նրա կարծիքով՝ ինչքան առևտրային պայմանները լավանան, դյուրանան, այնքան ավելի շատ տնտեսվարողներ կսկսեն զբաղվել բիզնեսով, շուկայի մասնակիցների թիվը կավելանա և սա մրցակցության տեսակետից դրական ազդեցություն կունենա:
Շաբոյանը տեղեկացրեց, որ Մաքսային միության շրջանակներում ստեղծվելու է Մրցակցության հարցերով հանձնաժողով, որը պետք է իր ուշադրության տակ պահի հատկապես այն դեպքերը, որոնք վերաբերում են 2 երկրների միջև մրցակցության խնդիրներին և շատ ավելի խիստ մոտեցում է դրսևորվելու այն տնտեսվարողների հանդեպ, որոնք գրանցված են մի երկրում և գործունեություն են իրականցնում այլ երկրում:
Արտակ Շաբոյանի հետ հարցազրույցը կարդացեք «168 Ժամի» վաղվա տպագիր համարում: