
Հավայան կղզիները դարձան միասեռ ամուսնություններն օրինականացրած ամերիկյան 15-րդ նահանգը

Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ-ի Հավայան կղզիների նահանգային Սենատն օրենք է ընդունել միասեռ ամուսնությունների օրինականացման մասին: Տվյալ հարցի շուրջ քվեարկությունն անցկացվել է երեկ:
Նախաձեռնությանն աջակցել է 19 սենատոր, դեմ է արտահայտվել 4-ը: Այժմ օրինագիծը պետք է հաստատի նահանգապետ Նիլ Աբերկրոմբին: Վերջինիս օգնականի խոսքերով՝ դա կարող է տեղի ունենալ արդեն այսօր: Օրենքն ինքն ուժի մեջ է մտնելու դեկտեմբերի 2-ին:
Դրանով իսկ Հավայան կղզիները դարձան ԱՄՆ-ի 15-րդ նահանգը, ուր օրինականացվել են միասեռ ամուսնությունները: Նախորդ ամիս նման քայլի էր գնացել Նյու Ջերսի նահանգը: Այս տարվա հունիսին ԱՄՆ Գերագույն դատարանը միասեռ ամուսնությունները հավասարեցրել էր ավանդական (տղամարդու և կնոջ միջև) ամուսնություններին: