Բաժիններ՝

ԿԲ-ն իջեցրել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ համոզված, որ գնաճը նվազելու է

2013 թ. նոյեմբերի 12-ի նիստում ԿԲ խորհուրդը որոշեց իջեցնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը 0.5 տոկոսային կետով՝ սահմանելով այն 8.0%:

2013 թ. հոկտեմբերին արձանագրվել է 0.3% գնաճ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 1.2% գնաճի դիմաց, որի պարագայում 12-ամսյա գնաճը շարունակել է նվազել և հոկտեմբերի վերջին կազմել է 7.1%: Գնաճի նվազող վարքագիծը հիմնականում պայմանավորվել է ԿԲ կողմից դրամավարկային պայմանների խստացմամբ և նախանշվածից ցածր տնտեսական աճի տեմպերով: Խորհուրդը կարծում է, որ 12-ամսյա գնաճի նվազումը շարունակվելու է նաև առաջիկա ամիսներին՝ վկայելով գնաճի սպասումների հիմնականում խարսխված լինելու մասին:

Խորհուրդն արձանագրեց, որ արտաքին հատվածը գտնվել է կանխատեսվածի շրջանակներում: Պահպանվել են համաշխարհային տնտեսական աճի տեմպերի դանդաղ վերականգնման միտումները և ինչպես հումքային, այնպես էլ պարենային ապրանքների միջազգային շուկաներում հիմնականում ձևավորվել է ոչ գնաճային միջավայր: Այս զարգացումների ներքո, կանխատեսվող հորիզոնում արտաքին հատվածից լրացուցիչ գնաճային ճնշումներ չեն ակնկալվում:

Խորհուրդը գնահատեց, որ ՀՀ տնտեսության զարգացումներն անցած ինն ամիսների ընթացքում բնութագրվել են շինարարության ճյուղի ավելացված արժեքի նվազման ներքո տնտեսական աճի տեմպերի դանդաղմամբ և էներգակիրների սակագների բարձրացման հետևանքով ձևավորված բարձր գնաճային միջավայրով: Տարվա սկզբից Կառավարության կողմից իրականացված հարկաբյուջետային քաղաքականությունը ևս նպաստել է ցածր ներքին պահանջարկի ձևավորմանը, սակայն արդեն չորրորդ եռամսյակից իրականացվում է ընդլայնողական հարկաբյուջետային քաղաքականություն, որը, համաձայն «ՀՀ 2014 թ-ի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի դրույթների, շարունակվելու է հաջորդ ողջ տարվա ընթացքում: Խորհուրդը գտնում է, որ դրամավարկային պայմանների ներկայիս թուլացումը համարժեք է տնտեսական ակտիվության դանդաղմանն ու գնաճային միջավայրի մեղմմանը, իսկ ԿԲ դրամավարկային քաղաքականության հետագա ուղղությունները կպայմանավորվեն նաև հարկաբյուջետային քաղաքականության իրականացման ընթացքով:

Խորհուրդը համակարծիք է, որ տնտեսական սպասվող զարգացումների արդյունքում 12-ամսյա գնաճը, նախորդ կանխատեսման համեմատ ավելի արագ նվազելով, 2014 թ-ի կեսերին կվերադառնա նպատակային մակարդակին և կանխատեսվող հորիզոնում կպահպանվի տատանումների թույլատրելի միջակայքում:

Տոկոսադրույքի մակարդակի որոշման հիմքում ընկած մանրամասն տեղեկատվությանը կարող եք ծանոթանալ նոյեմբերի 22-ին հրապարակվելիք «Գնաճի հաշվետվությունում» (Դրամավարկային քաղաքականության 2013թ. չորրորդ եռամսյակի ծրագրում):

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս