Կարող ես եկեղեցի կառուցել, բայց այն կառուցելուց հետո դարձյալ հայտնվել մեղավոր վիճակում. Ասողիկ քահանա
Մայր Աթոռ սուրբ Էջմիածնի Արխիվի և ձեռագրերի պահոցի տնօրեն տեր Ասողիկ քահանա Կարապետյանը Tert.am-ի հետ հարցազրույցում պատասխանել է հոգևորականների՝ աշխարհիկ կյանքի և շքեղությունների նկատմամբ հակումների, «գենդերի» և բազմաթիվ այլ հարցերի:
–Տեր Ասողիկ, Հայաստանում շատ ընդունված է, որ հայ օլիգարխները, մեծահարուստները կառուցում են եկեղեցիներ: Նախ, կուզենայի իմանալ եկեղեցի կառուցելն ինքնին որևէ … ինչպես ասեմ՝ առավելություն տալի՞ս է, մեղքերի թողություն տալի՞ս է: Եվ արդյո՞ք դա բխում է քրիստոնեական ոգուց, թե ինչպես Եգիպտոսում օրինակ՝ փարավոնները բուրգեր էին կառուցում իրենցից հետո հավերժական հիշատակներ թողնելու համար:
-Եկեղեցի կառուցելը գուցե առաջին հայացքից թվա փառասիրություն, բայց այդպես չէ: Նույն անձը, որ տարբեր պիտակներ կարող է ստանալ, իր այդ կարողությունը կարող էր այլ նպատակով օգտագործել: Այնպիսի նպատակով, որ մարդկային կյանքին մեծագույն չարիք պատճառեր: Բայց նա իր կյանքի որոշակի հատվածում հոգու արթնություն է ապրում և այդ արթնությունը նրան այդ ողջախոհ միտքն է տալիս՝ եկեղեցի կառուցել: Եկեղեցին նա իր համար չի կառուցում, նա կառուցում է ժողովրդի համար. երբ եկեղեցին սրբագործվեց՝ օրհնությամբ, օծումով, այն այլևս դառնում է Աստծո տաճար և այդ Աստծո տաճարը չի պատկանում որևէ անձնավորության, այլ՝ դառնում է ժողովրդի սեփականությունը: Կարևոր չէ՝ եկեղեցի կառուցող անձը ով է, նա այսօր կա, վաղը հանդերձյալ աշխարհում է գտնվելու, բայց այդ եկեղեցին հավիտենական Աստծո տաճարն է և ծառայում է հանրությանը, հավատացյալների բարօրությանը, դառնում է Աստծո օրհնության աղբյուր ժողովրդի կյանքում: Հետևաբար, եկեղեցին աստվածային հրամանով և աստվածային օրհնությամբ ընդունում է այդ նվերը, որովհետև այդ նվերն այդ անձի սեփականությունը չէ: Նա իր կարողություններից նվիրաբերում է Աստծուն, որպեսզի այն դառնա ժողովրդի համար հոգևոր քաջալերանքի, ներշնչանքի աղբյուր:
Հետևաբար, այդ անձի համար այս եկեղեցին դառնում է անբարբառ բարեխոս, որպեսզի, եթե իր կյանքում ունի սխալներ, թերություններ, հավատքի արթնությամբ կարողանա նաև այդ ամենը սրբագործել և դառնալ ավելի բարեպաշտ և ավելի աստվածահաճո անձնավորություն: Եվ էս առումով մեզ համար միանշանակ բարիք է տվյալ անձի կատարած քայլը, բայց դա դեռ չի նշանակում, որ մենք դրանով արդարացնում ենք տվյալ անձնավորության սխալ ընթացքը: Ընդհակառակը, դա մի տեսակ բարոյական ապտակ է և խրատ է տվյալ անձին, որպեսզի նա, եթե կարող է նման բարեպաշտ, նման աստվածահաճո գործ կատարել, ուրեմն իր կյանքում էլ, կյանքի ընթացքն էլ պիտի այդպիսին լինի, և եկեղեցին իր հորդորով, իր պատգամով, իր խրատով օգնում է, որպեսզի մարդն իր ազատ կամքով շտկվի:
– Բայց ակնկալել, որ ինքնին եկեղեցի կառուցելը մեղքերի թողություն է բերելու՝ բոլոր մեղքերի կամ մասնակի…
-Եկեղեցի կառուցելը մի քայլ է, բայց մարդու կյանքը ծնունդից մինչև մահ ապաշխարություն է: Դու կարող ես եկեղեցի կառուցել, բայց այն կառուցելուց հետո դարձյալ հայտնվել մեղավոր վիճակում: Եվ սակայն, եթե չես ապաշխարում դրա համար, քո կառուցած եկեղեցին չի կարող հանդերձյալ կյանքում Աստծո ներկայության մեջ տեղ ապահովել:
Հարցազրույցն ամբողջությամբ` սկզբնաղբյուր կայքում: