Կփրկի Երրորդ Համաշխարհայինը…

Հայաստանում իրավիճակը որպես հեղափոխական կամ նախահեղափոխական որակելն ակնհայտորեն ինքնախաբեություն է: Կարելի է հաճելի զրուցակիցներ ունենալու դեպքում նկատել, թե հեղափոխությունը, վաղ թե ուշ, անպայման կլինի: Վաղ, ինքներդ եք հասկանում, այն արդեն հնարավոր չէ, իսկ ավելի ուշ երիցս անհնար է. բավական է պարզապես պաշտոնական վիճակագրությունն ընթերցել` տեսնելու, որ հեղափոխություն անելու ենթակա ուժերը ժամանակի ընթացքում սպառում են իրենց սահմանափակ էներգիան ու հեռանում երկրից:

Քաղաքական և ընտրական տեխնոլոգ Արմեն Բադալյանը դիպուկ է նկատում, թե մարդիկ իշխանափոխություն են ուզում և մարդիկ հասնում են դրան. բավական է նստել ավտոմեքենա կամ ինքնաթիռ և հեռանալ Հայաստանից: Չորս ժամից բացում ես աչքերդ, իսկ իշխանություններն արդեն փոխված են:

Հայաստանում հեղափոխություն անելու պատրաստ մարդ, խոշոր հաշվով, չկա: Գուցե բնակչության 99 տոկոսն ամեն օր մտովի պատրաստ է գրավել Բաղրամյան 26-ը, գերի վերցնել նախագահին և նրա թիմակիցներին, ստիպել Վերահսկիչ պալատի այլևս հնաբնակ նախագահ Իշխան Զաքարյանին տոկոս առ տոկոս ներկայացնել բյուջեի 70 տոկոս ռիսկերը, բարձրաստիճան պաշտոնյաներին ստիպել խոսել միայն հայերեն, այսինքն` մի լավ տանջելգ Սակայն արագ վրա է հասնում սթափության պահը:
Հեղափոխություն անել` նշանակում է զոհաբերել ինչ-որ բան` հանուն պայքարի: Իսկ մենք փորձում ենք դիտողի, պատահական անցորդների կարգավիճակով բավարարվել պայքարի այս կամ այն դրսևորմամբ:

Ինքն իրենից ձեռք քաշած մարդը, որպիսին է «Ցեղակրոն» կուսակցության ղեկավար Շանթ Հարությունյանը, գործնականորեն պատրաստ էր զոհել կյանքը, մեռնել` հանուն «նախագահականը, ԿԳԲ-ն, Դատախազությունը գրավելու»: Ակնհայտ էր, որ նա փորձելու է անել այն, ինչի մասին հայտարարում է: Եվ անգամ տարբեր կուսակցությունների նրա ընկերները չփորձեցին ետ պահել նրան այդ` իրականում անպտուղ գործողությունից, քանի որ չցանկացան դառնալ կոնկրետ գործողության ոչ միայն մասնակից, այլև նույնիսկ վկա: Թեև այս դեպքում անտարբերությունը ևս քաղաքական դիրքորոշում է:

Ֆեյսբուքն այն տարածությունն է, որտեղ հնարավոր է տեսնել այսպիսի իրականություն. հազարավոր առողջ, միջին և ավագ սերնդի ներկայացուցիչներ, որոնց լավագույն կեսը` տղամարդիկ, ստատուսներ ու քոմենթներ են գրում, և ակնհայտ երևում է` դժգոհ են գործող իշխանություններից: Դժգոհ են օբյեկտիվորեն: Օրվա մեծ մասը սրամտում են այդ թեմայով, խիզախ ստատուսներ գրում, փառաբանում կամ ծաղրում Շանթ Հարությունյանին:

Եթե նրանց այդ էներգիան ի մի բերվի կոնկրետ տարածության և ժամանակի մեջ, ի՞նչ կլինի: Ինքս չունեմ այս հարցի պատասխանը, սակայն, միևնույն է, իրական կյանքում նրանց ուժը, երևակայությունը, սրամտությունը, հարցերը ձևակերպելու կարողությունը կարող էին կոնկրետ գործողության առանցք դառնալ:

Բայց ստացվում է այնպես, որ շատերի խիզախության սահմանը հայոց այբուբենի «Բեն» և «Գիմ» տառերի անվերջ կրկնությունն է` որպես հայհոյանք` ուղղված սրան-նրան: Շանթ Հարությունյանն` իր փոքրիկ խմբով, նոյեմբերի 5-ին կատարեց ակցիա, և նրա իրավունքն էր` ընտրել պայքարի այդ իռացիոնալ տարբերակը: Նրա հոգեկան առողջությունը քննարկողները պարզապես դաստիարակության պակասի խնդիր ունեն և չեն հասցրել հասկանալ` նման բաներ չի կարելի ասել: Չի կարելի, և վերջ: Հիմա, երբ ամեն ինչ արդեն ավարտված է, երբ Շանթն ու մյուս տղաները, թույլ եմ տալիս ինձ ենթադրել, երկար ժամանակ անազատության մեջ կմնան, ժամանակավրեպ է նրա քայլին հերոսի մունդիր կամ միմոսի գլխարկ հագցնելը:

«Հայրենասեր և արժանապատիվ հայորդին մարմնավորում էր բողոքող հայ մարդուն, որը ցանկանում է վերջապես վերականգնել իր իրավունքները»: Նման ոճի մտքերը հնաբույր են, հատկապես, եթե նոյեմբերի 5-ի դեպքերից սկսում են պեղել հնարավոր հեղափոխության ազդակներ:

Չկա Հայաստանում ոլորտ, որի վերափոխման համար հեղափոխություն անհրաժեշտ չլինի: Բոլորս գիտենք, որ արդարադատությունն իրականացվում է Հայաստանից շատ հեռու, Ստրասբուրգի մատույցներում: Որ մեր երկրում ընտրությունների ինստիտուտն այնքան է խեղաթյուրվել, որ ազատ և մասամբ թափանցիկ միակ ընտրությունը կյանքի ուղեկցի ընտրությունն է: Բյուջեի 70 տոկոսը, եթե հավատանք ՎՊ նախագահ Իշխան Զաքարյանին, իսկ մենք, պարզվում է, նրան պետք է հավատանք, ռիսկային է:

Երկրի նախագահը, որը չունի իր ժողովրդի մեծամասնության վստահության քվեն, պետության անունից հայտարարում է, թե Հայաստանն անդամակցելու է Մաքսային միությանը: Սյունիքի մարզպետի տան բակում մարդասպանություն է տեղի ունենում, և այդ կապակցությամբ այս պահին արդեն ձերբակալված չկա:

Աղքատությունն ու արտագաղթն էլ արդեն այն չափերի են հասել, որ անգամ այդ թեմայով գրելն է տհաճ: Գումարած` քաղաքային տրանսպորտի ուղեվարձի մոտալուտ թանկացումը: Օլիգարխների անառարկելի հեղինակությունը երկրի բարձրագույն ղեկավարության շրջանում: Համազգային անհնազանդության համար ա՞յլ, ավելի լո՞ւրջ պատճառներ են հարկավոր:

Կարող ենք էլի սպասել: Թող որ ժամանակի ընթացքում սպասողների թիվը կշարունակի նվազել: Սակայն իշխանությունները հանգիստ են: Չարենցն իր «Երկիր Նաիրիում» տվել է այն հիմնավորումները, որոնք կարող են իշխանությանն ուղղակի նիրվանայի մեջ պահել: Հիշո՞ւմ եք, երբ պ. Մարուքեն թղթախաղում գումար է պարտվում, որի մի մասը չէր կարող վճարել, հանկարծ գլխի է ընկնում, որ փրկված է. նախօրեին սկսվել էր 1914 թ.-ի համաշխարհային պատերազմը: Եվ ո՞վ, եթե ոչ դուք, սիրելի ընթերցողներ, լավագույնս կհասկանաք` խաղի մեջ մեծ գումար պարտված մարդու համար փրկություն է ամեն ինչ. այս դեպքում` նույնիսկ Երրորդ համաշխարհայինը…

Տեսանյութեր

Լրահոս