Բաժիններ՝

Հայկական կարտոֆիլի «ոդիսականը». ովքեր և ինչու են բամբասանքներ տարածում

Նոյեմբերի 1-ից մինչ օրս Հայաստանի Հանրապետությունից արտահանվել է 800 տոննա կարտոֆիլ, որից 600 տոննան՝ Վրաստան, 200 տոննան՝ ՌԴ, Իրաք և Թուրքմենիա: 168.am-ի հետ զրույցում Ագրարագյուղացիական միության նախագահ Հրաչ Բերբերյանը մտահոգություն հայտնեց, որ երեկվանից ԶԼՄ-ներով տարածում են, թե ֆերմերների մոտ պահեստներում կարտոֆիլ է մնացել, իբրև թե խոչընդոտում են արտահանմանը, և այլն:

«Չենք հասկանում, թե դա ում է ձեռնտու: Իրականում ՀՀ-ից Վրաստան կարտոֆիլ արտահանելու որևէ խոչընդոտ չկա: Կարծում եմ՝ այս բամբասանքները հանրապետությունում ձեռք են տալիս միայն վերավաճառողներին, ովքեր փորձում են գյուղացուն թալանել, էժան գներով կարտոֆիլ ձեռք բերել ու գերշահույթ ստանալ: Անցած տարի հայ գյուղացին կարտոֆիլի հետ կապված կորուստներ է ունեցել, իսկ այսօր հնարավորություն կա, որ մի քանի կոպեկ փող աշխատի, ոտքի կանգնի, որ իր հողը մշակի: Ես զարմանում եմ, թե էդ «հայրենասերներն» ինչո՞վ են զբաղված՝ գործից չհասկանալով կամ ինչ-ինչ դրդումներով, չեմ էլ ուզում մտածել, որ դա պատվեր է, համենայն դեպս՝ հետևողական փորձում են ցույց տալ, թե պահեստները տրաքում են կարտոֆիլի բերքից: Դա այդպես չի, մենք ունենք մեր կարիքների համար բավարար քանակ, և մի փոքր էլ կարող ենք արտահանել: Որևէ մեկի մտքով թող չանցնի, որ փորձի խանգարել այդ գործընթացին: Ցուցակ կպատրաստենք ու խայտառակ կանենք այն կազմակերպություններին, որոնք կփորձեն խոչընդոտել այս գործընթացին»,- ասաց Հ.Բերբերյանը:

Նա նշեց, որ անցած օրերին հեռուստատեսությամբ ցույց էին տալիս, որ ազգությամբ ազերի Վրաստանի ֆերմերները դժգոհում են ՀՀ-ից ներկրվող կարտոֆիլի սերմացուից. «Թե դրանք ով էին, ով էր էդ կադրերը ներմուծել, մնացինք զարմացած: Մի վրացական կայք էլ փորձում է տեղեկություն տարածել, թե 450 տոննա կարտոֆիլ թույլ չեն տվել մտնի Վրաստան, բայց դա էլ ապատեղեկատվություն է, քանի որ տարվա սկզբից մինչև հիմա 10 հազար տոննա արտահանել ենք, ու 4% խոտանվելը շատ նորմալ թիվ է, դա չէր կարող ազդել մեր որակով կարտոֆիլի արտահանման վրա: Կարծում եմ՝ այդ ապատեղեկատվությունների հեղինակները վրացի ու հայ արտահանողներն են, որ ուզում են հայ գյուղացուն թալանել»:

Հ.Բերբերյանը հայտնեց, որ ներկայումս կարտոֆիլն արտահանում են 1 կիլոգրամը՝ 110-120 դրամով՝ նախկին 90 դրամի փոխարեն, գյուղացին արդեն մի քիչ շահույթով է սկսել աշխատել, ու դրանից հետո են սկսել այս ապատեղեկատվությունը տարածել:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս