Բաժիններ՝

«Շերիֆի» դեմ քրեական գործի վարույթը հանցակազմի բացակայության հիմքով կարճվել է

Ամիսներ առաջ՝ մայիսի 19-ին, լուրեր տարածվեցին, թե «Արմենիա Միջազգային Օդանավակայաններ» ՓԲԸ  (ԱՄՕ) անվտանգության պետ Կարեն Բաբայանը, ով առավել հայտնի է Շերիֆ մականունով, փորձել էր Հայստանից արտահանել արվեստի  բացառիկ գործեր, սակայն արժեքավոր այդ իրերը ոստիկանությունը առգրավվել էր: Կ. Բաբայանին, սակայն, ըստ լուրերի՝ հաջողվել էր հատել Հայաստանի սահմանը և մեկնել Մոսկվա: ՊԵԿ քննչական ծառայությունում հարուցվել էր քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 215-րդ հոդվածի 2-րդ մասով, Կարեն Բաբայանի կողմից մաքսանենգություն  կատարելու փաստի առթիվ:

Այսօր 168.am-ը փորձեց Կ. Բաբայանից ճշտել, թե քրեական գործն ի՞նչ ընթացք է ստացել, սակայն վերջինս հրաժարվեց հարցերին պատասխանել՝ առաջարկելով հարցերն ուղղել փաստաբաններին՝ Վարդուհի Էլբակյանին և Սամվել Ջաղինյանին:

Փաստաբան Վարդուհի Էլբակյանը մեզ հետ զրույցում տեղեկացրեց, որ հարուցված է եղել քրեական գործ ՀՀ քրեական օր.-ի 215-րդ հոդվածի 2-րդ մասով: Գործի շրջանակներում Կարեն Բաբայանը հարցաքննվել է որպես վկա: Հարցաքննվել են նաև Կ. Բաբայանի  աշխատակիցները: Գործը հարուցվելուց վեց ամիս հետո՝ նոյեմբերի 6-ին Կ. Բաբայանը և փաստաբանները քննիչ Ա. Դալլաքյանի կողմից հրավիրվել են ՊԵԿ քննչական ծառայություն և նրանց է ներկայացվել հոկտեմբերի 25-ին կայացված և դատախազի կողմից օրինականությունը հաստատված քննիչի որոշումը քրեական գործի  վարույթը կարճելու մասին՝  հանցակազմի բացակայության հիմքով: Ինչպես նշեց Վ. Էլբակյանը,  արվեստի  բացառիկ արժեքավոր գործը փորձագետների կողմից  գնահատվել է 80,000 դրամ և այն իրենից ներկայացնում է գեղարվեստական արժեք: Առգրավված նկարը ստացականով հետ է վերադարձվել Կարեն Բաբայանին:

Հիշեցնենք, որ դեռևս այդ օրերին Կ. Բաբայանն անդրադառնալով դեպքի հետ կապված տարածված լուրերին, ասել էր. «Ինձ որևէ մեկը չի կանգնեցրել: Նկարը ձեռք է բերվել օրինական ճանապարհով, խանութից, կտրոնը կա: Բացի այդ՝ խնդրել են նկարը թողնել՝ համապատասխան ստուգում անցկացնելու համար, ինչը և արել եմ»:

Կարդացեք նաև

168.am-ի հետ զրույցում  Կարեն Բաբայանը նաև պատմել էր, որ ցանկացել էր ընկերոջը նվեր տանել այդ գործը, որը լիտոգրաֆիա էր, և ձեռք էր բերվել «Երևան» հյուրանոցի հարևանությամբ գտնվող հնաոճ իրերի խանութ-սրահից: Ի դեպ, այդ օրերին պարզաբանմամբ էր հանդես եկել նաև ԱՄՕ մամուլի ծառայությունը. ««Արմենիա Միջազգային Օդանավակայաններ» ՓԲԸ անվտանգության մենեջեր Կարեն Բաբայանը սույն լիտոգրաֆիան ձեռք է բերել Աբովյան փողոցում գտնվող հուշանվերների խանութից 85.000 դրամով (վճարման կտրոնն առկա է): Անհարկի շահարկումներից խուսափելու համար՝ Կ. Բաբայանն ինքն է լիտոգրաֆիան թողել մաքսային ծառայությունում, որտեղ այն գտնվում է այս պահին: Փորձագիտական եզրակացությունից հետո, հուշանվերը կվերադարձվի Կ. Բաբայանին, երբ վերջինս վերադառնա արձակուրդից»,- ասված էր հայտարարության մեջ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս