Կարեն Բաբայանը՝ Շերիֆը, հերքում է. Ինձ որևէ մեկը չի կանգնեցրել
Երեկ Shamshyan.com-ը տեղեկություն էր տարածել այն մասին, թե «Արմենիա Միջազգային Օդանավակայաններ» ՓԲԸ անվտանգության պետ Կարեն Բաբայանը, ով առավել հայտնի է Շերիֆ մականունով, փորձ է կատարել Հայաստանից դուրս տեղափոխել արվեստի բացառիկ գործեր: Ըստ տարածված տեղեկությունների՝ արժեքավոր այդ իրերը ոստիկանությունն առգրավվել է, սակայն Շերիֆին հաջողվել է հատել Հայաստանի սահմանը և հեռանալ:
168.am-ը կապ հաստատեց Կարեն Բաբայանի հետ, ով, ինչպես պարզվեց, այժմ գտնվում է Մոսկվայում:
Մեր հարցին, թե, ի վերջո, ի՞նչ է տեղի ունեցել, Կ. Բաբայանը պատասխանեց. «Շատ հարգանքով եմ վերաբերում Գագիկ Շամշյանի պրոֆեսիոնալիզմին, բայց արդեն որերրորդ անգամ իմ անվան հետ կապված բացարձակ սուտ հերյուրանքներ են հաղորդում իր աղբյուրները: Նույնիսկ չեմ էլ ուզում անդրադառնալ այդ սուտ տեղատվության բովանդակության մանրամասներին, որովհետև հերթական հիմարությունն է: Ինձ որևէ մեկը չի կանգնեցրել: Նկարը ձեռք է բերվել օրինական ճանապարհով, խանութից, կտրոնը կա: Բացի այդ՝ խնդրել են նկարը թողնել՝ համապատասխան ստուգում անցկացնելու համար, ինչը և արել եմ»:
Մեզ հետ զրույցում Կարեն Բաբայանն ասաց նաև, որ ցանկացել է ընկերոջը նվեր տանել այդ գործը, որը լիտոգրաֆիա էր: Նրա խոսքով՝ այն ձեռք է բերվել «Երևան» հյուրանոցի հարևանությամբ գտնվող հնաոճ իրերի խանութ-սրահից:
Ի դեպ, տեղեկատվությունը, որ Կարեն Բաբայանը փորձել է արժեքավոր արվեստի գործեր Հայաստանից արտահանել՝ հերքել է նաև «ԱՄՕ» մամուլի ծառայությունը: ««Արմենիա Միջազգային Օդանավակայաններ» ՓԲԸ անվտանգության մենեջեր Կարեն Բաբայանը սույն լիտոգրաֆիան ձեռք է բերել Աբովյան փողոցում գտնվող հուշանվերների խանութից 85.000 դրամով (վճարման կտրոնն առկա է): Անհարկի շահարկումներից խուսափելու համար՝ Կ. Բաբայանն ինքն է լիտոգրաֆիան թողել մաքսային ծառայությունում, որտեղ այն գտնվում է այս պահին: Փորձագիտական եզրակացությունից հետո, հուշանվերը կվերադարձվի Կ. Բաբայանին, երբ վերջինս վերադառնա արձակուրդից»,- ասված է հայտարարության մեջ: