Իլհամ Ալիևը հրավիրվել է Գեորգի Մարգվելաշվիլիի երդմնակալությանը
Ադրբեջանական Turan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Վրաստանի ԱԳՆ-ը հերքել է ԶԼՄ-ներում շրջանառության մեջ դրված այն տեղեկատվությունը, թե Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը չի հրավիրվել Վրաստանի նորընտիր նախագահ Գեորգի Մարգվելաշվիլիի երդմնակալությանը, որը նոյեմբերի 17-ին տեղի է ունենալու Թբիլիսիում:
Նախօրեին մի շարք ԶԼՄ-ներ, վկայակոչելով Ադրբեջանի նախագահի մամլո ծառայությունը, հայտնել էին, որ ադրբեջանական կողմը դեռ չի ստացել Մարգվելաշվիլիի երդմնակալությանը Իլհամ Ալիևի և պաշտոնատար այլ անձանց մասնակցելու հրավեր: Վրաստանի ԱԳՆ-ի մամուլի ծառայության ներկայացուցիչը հայտնել է, որ Իլհամ Ալիևին արդեն իսկ ուղարկվել է նման հրավեր:
Ավելի վաղ հաղորդվել էր, թե Մարգվելաշվիլիի երդմնակալությանը մասնակցելու հրավեր չեն ստացել Ռուսաստանի ներկայացուցիչները: Որպես դրա պատճառ էր նշվել Վրաստանի ու Ռուսաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների բացակայությունը: