
Ռուսաստանի ներկայացուցիչները չեն հրավիրվել Գեորգի Մարգվելաշվիլիի երդմնակալությանը

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Վրաստանի հետ դիվանագիտական հարաբերություններ չունեցող Ռուսաստանը չի հայտնվել այն երկրների ցանկում, որոնք հրավիրվել են նոյեմբերի 17-ին կայանալիք Վրաստանի նորընտիր նախագահ Գեորգի Մարգվելաշվիլիի երդմնակալությանը:
Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարել է Վրաստանի արտգործնախարար Մայա Փանջիկիձեն. «Ես հայտարարել եմ այն երկրների ցանկը, որոնց կուղարկվեն երդմնակալությանը ներկա գտնվելու հրավերներ: Դրանք ԵՄ-ի, ՆԱՏՕ-ի, «Արևելյան գործընկերության» երկրներն են, ինչպես նաև այն երկրները, որոնք մտնում են այդ միավորումների մեջ, սակայն դեսպանատուն չունեն Թբիլիսիում: Ռուսաստանը չի մտնում դրանց թվում»:
Հիշեցնենք, որ չի բացառվում, որ Վրաստանի նախագահի պաշտոնին հրաժեշտ տվող Միխեիլ Սաակաշվիլին նույնպես հրավեր չստանա Մարգվելաշվիլիի երդմնակալությանը ներկա գտնվելու համար: