
Մեքսիկայի կառավարությունը մտադիր է հարկ սահմանել վնասակար սննդատեսակների վրա՝ կապված ճարպակալման հետ

Ամերիկյան The Associated Press լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Մեքսիկայի կառավարությունը ճարպակալման դեմ պայքարի շրջանակներում մտադիր է հավելյալ հարկ սահմանել այնպիսի սննդատեսակների վրա, որոնք պարունակում են մեծ քանակությամբ շաքար և ճարպ: Այս մասին հայտնել են մեքսիկական ԶԼՄ-ները:
Նշվում է, որ Մեքսիկայի բնակչության շրջանում շատ բարձր է ճարպակալման մակարդակը: Երկրի խորհրդարանի ստորին պալատն արդեն իսկ ընդունել է նախագահի առաջարկած բյուջեի պլանը, որում նախատեսված է 5 տոկոսանոց հարկ սահմանել վնասակար սննդի վրա. չիպսեր, շոկոլադի սալիկներ և նմանատիպ բաներ:
Բացի այդ, հարկ է սահմանվելու գազավորված քաղցր ըմպելիքների վրա՝ 1 լիտրի համար 1 պեսո: Այժմ այդ ամենը պետք է հավանության արժնանա խորհրդարանի վերին պալատի կողմից: Ակնկալվում է, որ վնասակար սննդի վրա սահմանված հարկը երկրի բյուջեն կհամալրի 3.5 միլիարդ պեսոյով, իսկ ըմպելիքների դեպքում՝ 12.5 միլիարդ պեսոյով:
Մեքսիկայում առկա է ճարպակալման ամենաբարձր մակարդակներից մեկն աշխարհում: ՄԱԿ-ի տվյալներով՝ Մեքսիկայում ճարպակալումից տառապում է բնակչության 32.8 տոկոսը (ԱՄՆ-ում այդ ցուցանիշը կազմում է 31.8 տոկոս): Միջին հաշվով յուրաքանչյուր մեքսիկացի տարեկան սպառում է 163 լիտր գազավորված քաղցր ըմպելիք:
Ճարպակալումն ու դրա հետ կապված խնդիրները՝ բարձր ճնշումն ու երկրորդ տիպի շաքարային դիաբեթը, լուրջ բեռ են հանդիսանում Մեքսիկայի առողջապահական համակարգի համար: 2011 թվականին Մեքսիկայում երկրորդ տիպի շաքարային դիաբեթից մահացել է 81.000 մարդ: Համեմատության համար նշվում է, որ թմրավաճառների դեմ մղվող պատերազմի հետևանքով սպանվել է մոտ 24.000 մարդ: