Թուրքիան Սիրիայի հետ սահմանին առգրավել է քիմիական բաղադրատարրեր

France-Presse լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի իշխանությունները հայտարարել են, որ իրենց հաջողվել է Սիրիայի հետ սահմանին առգրավել քիմիական բաղադրատարրեր, որոնցից կարելի է պատրաստել քիմիական զենք:

Միջադեպը գրանցվել է Հաթայ նահանգի Ռեյհանլը քաղաքի մոտ: Տեղի ոստիկանությունը կանգնեցրել է երեք մեքենայից բաղկացած շարասյունը, որը փորձում էր ապօրինի ձևով ներթափանցել երկրի տարածք: Երբ մեքենաների վարորդները հրաժարվել են կանգնել, թուրք ոստիկանները կրակել են մեքենաների անիվների վրա:

Դրանից հետո վարորդները դուրս են եկել մեքենաներից և սկսել են փախչել Սիրիայի ուղղությամբ: Նրանցից մեկին հաջողվել է ձերբակալել: Չի հաղորդվում, թե նա որ երկրի քաղաքացի է: Մեքենաներում հայտնաբերվել են ծծումբի պաշարներ, ինչպես նաև այլ նյութեր, որոնց բովանդակությունը չի հաջողվել պարզել անմիջապես: Դրանով զբաղվելու են ռազմական մասնագետները:

Ներկա դրությամբ արդեն իսկ ավարտվել է Սիրիայի քիմիական զինաթափման առաջին փուլը, իսկ ողջ գործընթացը պետք է ավարտվի մինչև 2014 թվականի կեսերը:

Տեսանյութեր

Լրահոս