Ռուսաստանը Վրաստանից պահանջել է հանձնել ռուս դիվանագետին ու նրա կնոջը սպանողին

Lenta.ru-ի փոխանցմամբ՝ ռուսական դատախազությունը պաշտոնապես դիմել է Վրաստանին՝ ռուս դիվանագետ Դմիտրի Վիշերշևին ու նրա կնոջը սպանելու մեջ մեղադրվող Յուսուպ Լակաևին արտահանձնելու համար: Այս մասին հայտնել են Վրաստանի իրավապահ մարմինները:

Չեչենական ծագում և Ռուսաստանի քաղաքացիություն ունեցող Լակաևը սպանությունից քիչ անց ձերբակալվել է Բաթումում: Ձերբակալման ժամանակ նա վիրավորել է ոստիկանի և ինքն էլ վիրավորվել է պատասխան կրակից:

Դրա հետ կապված՝ Վրաստանում նրա դեմ գործ է հարուցվել՝ կապված իրավապահ մարմնի աշխատակցի վրա հարձակվելու և ապօրինի զենք կրելու համար: Ձերբակալվածի փաստաբանը հայտարարել է, որ Լակաևը մտադիր է քաղաքական ապաստան խնդրել Վրաստանում:

Որոշակի տվյալներով՝ նա պատրաստ է ընդունել Վրաստանում կատարած հանցանքների համար իր մեղքը (ոստիկանի վրա հարձակում, զենքի ապօրինի կրում): Միևնույն ժամանակ նա պնդում է, որ մասնակից չէ ռուս դիվանագետի սպանությանը:

Աբխազիայում Ռուսաստանի դեսպանատան առաջին քարտուղար Դմիտրի Վիշերնևը և նրա կինը սպանվել են այս տարվա սեպտեմբերի 9-ին: Հանցագործը կրակել էր դիվանագետի վրա, երբ նա դուրս էր եկել ավտոտնակից և ծանր վիրավորել էր նրա կնոջը, ով ավելի ուշ մահացել է հիվանդանոցում:

Իրավապահների տվյալներով՝ Լակաևը Աբխազիա է ժամանել Ռուսաստանից, իսկ սպանությունից հետո փախել է Վրաստան, ուր և ձրբակալվել է (որոշակի տվյալներով՝ դա իրականացվել է ռուսական հատուկ ծառայությունների ուղղորդմամբ):

Տեսանյութեր

Լրահոս