Կարգին Հայկո. Տարոն Մարգարյանն իրեն դրել է շատ անհարմար դրության մեջ
Դերասան Հայկ Մարությանը՝ Կարգին Հայկոն, Facebook սոցիալական ցանցի իր էջում անդրադարձել է Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հայտարարությանը.
«Տարոն Մարգարյանը ասել է. «Թող շատերը հիշեն 90-ական թթ. սկիզբը, երբ տրանսպորտի լուրջ խնդիր կար: Ես երբևիցե չեմ ուզենա, որ մենք անցնենք այդ վիճակին»: Աղբյուրը՝ yerkir.am: Ցավում եմ, որ Երեւանի քաղաքապետը համեմատում է այսօրվա Հայաստանը նորաստեղծ եւ պատերազմի մեջ գտնվող Հայաստանի հետ: Այսպիսով նա մեծ հարվածի տակ է դնում իր կուսակիցներին եւ կառավարությանը, ուղղակիորեն ասելով, որ նրանք Հայաստանը հասցրել են նման վիճակի: Ասեմ ավելին, անելով այս հայտարարությունը, նա իրեն դրել է շատ անհարմար դրության մեջ: Դուրս է գալիս՝ եթե մենք հասել ենք 90-ականների պատերազմող Հայաստանի տնտեսական վիճակին, ապա դրան երկու բացատրություն կա: Կամ Հանրապետական կուսակցությունը պատերազմ է հայտարարել հայ ժողովրդին, կամ էլ՝ պարզապես Տարոն Մարգարյանը վատ մենեջեր է:
Հ.Գ. Քաղաքակիրթ աշխարհում քաղաքային տրանսպորտը շահույթ չբերող կամ անգամ վնասով աշխատող կառույց է, որը մշտական պետական սուբսիդավորման կարիք ունի: Եւ պատկերացրեք այլ քաղաքների քաղաքապետները կարողանում են գտնել այդ միջոցները եւ ապահովել տրանսպորտի հասանելիությունը բոլոր բնակիչների համար»: