
Փոստանջյանի փաստաբան. Ըստ քննիչի՝ կառուցապատողը դիտավորություն չի ունեցել

Ինչպես հայտնի է, ոստիկանությունը մերժել է ՀՀ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանի դիմումի հիման վրա «Փակ շուկայի» շինարարության առնչությամբ քրեական գործ հարուցել: Ոստիկանության այդ որոշումը այժմ պատգամավորը բողոքարկել է Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան:
Զ. Փոստանջյանի փաստաբան Հերմինե Միքայելյանն այսօր ևս մեկ անգամ ասաց, որ կառուցապատողը չունի համապատասխան թույլտվություններ: «Ոստիկանության քննիչը, ընդունելով այս ամեն ինչը, ասում է՝ թեև կատարվել է օրենքի խախտմամբ, թեև կան քաղաքաշինության նորմերի էական խախտումներ, սակայն կառուցապատողը դիտավորություն չի ունեցել, այսինքն՝ պատահաբար կռո՞ւնկն է կպել, բա՞հն է կպել, որ ամբողջ կառույցի կամարները քանդվել են»,- ասաց նա: