Բաժիններ՝

Բագրատյանի և Կարապետյանի դեմ գործի պատվիրատուն վարչապե՞տն է

Վերջերս 168.am-ը հարցազրույց էր հրապարակել Գիտության և առաջատար տեխնոլոգիաների ազգային հիմնադրամի տնօրեն, Նուրբ օրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոնի ավագ գիտաշխատող Հարություն Կարապետյանի հետ, որում վերջինս, մասնավորապես, բարձրաձայնում էր գիտության ոլորտի կոռուպցիոն երևույթների մասին` նշելով, որ երկրի նախագահն ու վարչապետը տեղյակ են այդ մասին: «Թող գործեն»,- ասում էր նա: (Մանրամասներն այստեղ.) :

Այսօր, սակայն, գիտնականը նշում է, որ ՀՀ նախագահն ու վարչապետը գործում են, սակայն՝ հակառակ ուղղությամբ, և այդ երևույթները կանխելու փոխարեն՝ անում են ճիշտ հակառակը, խոչընդոտներ են ստեղծում նշյալ արատավոր երևույթների մասին խոսողների համար: Այսօր` հոկտեմբերի 31-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին ասաց Հարություն Կարապետյանը` նշելով, որ իրեն և Հրանտ Բագրատյանին մեղադրում են գրագողության մեջ: «Իսկ դա ուղղակի ծիծաղելի է»,- ասաց նա: Նշենք, որ նշյալ անձանց գրագողության մեջ մեղադրում է ֆիզմաթ գիտությունների թեկնածու Մանե Հակոբյանը:

«Եթե Մանե Հակոբյանը գիտնական լիներ, մեր գիտության մակարդակն էլ կլիներ արդարադատության մակարդակի նման: Փառք Աստծո, որ մեր գիտնականներն այդ կնոջ նման չեն,- ասաց Հ. Կարապետյանը` ավելացնելով,- Հայաստանում արդարադատությունը ծառայում է միայն ռեժիմին, իսկ տվյալ գործի հետևում կանգնած են հովանավորներ՝ ռեժիմի առաջին դեմքերը, իսկ դատավարությունը կարելի է իսկապես խեղկատակություն համարել և հանգիստ խղճով աբսուրդի ժանրին դասել, եթե դա տեղի ունեցած չլիներ ՀՀ-ում և ակնհայտորեն հովանավորված չլիներ վարչախմբի առաջին դեմքերի կողմից, ինչի հիմնավորումները ես  ունեմ»: Նա նշում է, որ այս գործն, ըստ մասնագետների, ընդհանրապես չպետք է վարույթ ընդունվեր, սակայն, քանի որ մեր արդարադատությունն ու դատաիրավական համակարգը սպասարկում են իշխանություններին և անկախ չեն, ապա ամեն ինչ հնարավոր է. «Օրենքները մեկնաբանել են յուրովի, ու բավարարվել է հայցը»:

«Ինձ համար բացարձակապես որևէ կապ չունի, և բոլորին է պարզ, թե որ շրջանի դատարանը կամ որ դատավորն է այն անցկացնում, բացարձակապես կապ չունի, պարզապես որոշել են հաշվեհարդար տեսնել, իսկ դա ցանկացած դատարան էլ կաներ, քանի որ բոլորն էլ սպասարկող են, հացի խնդիր են լուծում»,- ասաց Հ.Կարապետյանը:  Նրա խոսքով` հետաքրքիրն այն է, որ այս գործը սկսվել է այն բանից հետո, երբ ինքը ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին մեղադրել է գիտության ոլորտի կոռուպցիան քողարկելու համար:

«Շատ տարօրինակ է, որ ի սկզբանե հայցվորը դժվարացել է 24 հազար դրամ մուծել՝ որպես պետտուրք, դատական վարույթը հարուցելու համար, բայց չգիտես՝ որտեղից, անմիջապես հետո, շատ արագ գտնվել է 1 մլն դրամ՝ փաստաբանին վարձելու համար: Դա ցույց է տալիս, որ ինչ-որ մեկը փող է տվել: Շատ հավանական է, որ գործի պատվիրատուն վարչապետն է»,- ասաց Հ. Կարապետյանը` նշելով, որ, քանի որ ինքը նաև վերադարձրել է ՀՀ նախագահի մրցանակը, հնարավոր է, որ նախագահը ևս մասնակցություն ունենա այս գործում:

«Այսինքն` ավելի հավանական է, որ հենց այս երկու կառույցներն իրենք են պատվեր իջեցնողը»,- ասաց Հ. Կարապետյանը` ավելացնելով, որ ամբողջ աբսուրդը նրանում է, որ այդ կինն է գողացել իր և Հրանտ Բագրատյանի աշխատանքները, և ոչ թե՝ հակառակը, ուստի իրենք իրենց հերթին դիմել են Վերաքննիչ դատարան, որը հայցն ընդունել է: Ըստ գիտնականի, սակայն, դժվար թե Վերաքննիչ դատարանն իրենց հայցը  բավարարի, բայց իրենք հետևողական են լինելու և գնալու են մինչև վերջ, և ցանկացած դեպքում կհասնեն մինչև Եվրոդատարան:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս