Բաժիններ՝

ԵՊՀ Ֆիզիկայի ֆակուլտետի Կոնֆերենց դահլիճը բուֆետի վերածելու որոշումը չեղյալ է համարվել

ԵՊՀ Ֆիզիկայի ֆակուլտետի Կոնֆերենց դահլիճը շարունակելու է գործել՝ որպես Կոնֆերենց դահլիճ, այն բուֆետի վերածելու որոշումը չեղյալ է համարվել: Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց Ֆիզիկայի ֆակուլտետի դեկան Ռոլանդ Ավագյանը` նշելով, որ այդ մասին ԵՊՀ ղեկավարությունն իրեն տեղեկացրել է այսօր առավոտյան: «Դահլիճը կվերադառնա իր աշխատանքին: Այնպես որ, այդ ամբողջ աղմուկը, որը բարձրացել էր՝  լրիվ անիմաստ էր և անտեղի»,- ասաց դեկանը:

Հարցին, թե՝ այդ դեպքում ի՞նչ կլինի բուֆետի հարցը, արդյոք ուսանողները բուֆետ չե՞ն ունենալու, Ռ.Ավագյանը պատասխանեց. «Գուցե հին բուֆետները շահագործեն, կամ նոր մարդիկ սկսեն սննդային ծառայություններ մատուցել, համենայնդեպս, մի բան կլինի, սակայն այդ մասին ես տեղյակ չեմ»:

Ինչո՞ւ որոշվեց չեղյալ հայտարարել դահլիճը բուֆետի վերածելու որոշումը: Արդյոք պատճառն ուսանողների անհամաձայնությո՞ւնն էր:  «Ըստ էության, համարվեց, որ այդ ձևով` լսարանների միջոցով, ճաշարան կազմակերպելը տհաճ բան է: Այն գլխից էլ դա պարզ էր, հիշո՞ւմ եք՝ Ձեզ ասացի, որ մենք մեծ ցավով նման որոշման հանգեցինք, բայց թե ի՞նչ է մտածել ղեկավարությունը՝ ես չգիտեմ»,- ասաց Ռ. Ավագյանը:

Նա նշեց նաև, որ Կոնֆերենց դահլիճի բանալին իրենց նոր են վերադարձրել, ուստի կկազմակերպեն, որպեսզի դահլիճը վերադառնա իր նախկին տեսքին, և շուտով դահլիճի նստարանները կվերադարձնեն իրենց տեղերը:

Կարդացեք նաև

Հիշեցնենք, ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր 168.am-ը, որոշում էր կայացվել ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետի Կոնֆերենց դահլիճը վերածվել բուֆետի:  

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս