Լևոն Զուրաբյանը՝ Շավարշ Քոչարյանին. Միգուցե այս նախաձեռնողական քաղաքականությունը թարգե՞ք

ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լևոն Զուրաբյանը այսօր Աժ-ում բյուջեի նախագծի քննարկման ժամանակ մի քանի հարց ուղղեց ՀՀ ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանին:

«Առաջինը՝ մեկը ֆուտբոլային դիվանագիտությունն է, հայ-թուրքական արձանագրությունները, որոնց արդյունքում թուրքերը ստացան այն, ինչ իրենց պետք էր: Երկրորդը՝ ԵՄ աոցացման համաձայնագիրն է, որի նախաստորագրման պարագայում Հայաստանը կստանար ազատ շնչելու հնարավորություն, բայց ձեր այս ջանքերը նույնպես ավարտվեցին ձախողմամբ: Միգուցե այս նախաձեռնողական քաղաքականությունը թարգե՞ք, կարելի՞ է ձեզ խնդրել ոչինչ չնախաձեռնեք, որովհետև առանց դրանց Հայաստանն ավելի լավ վիճակում կգտնվեր:

Եթե մենք մեկ տարով սառեցնեինք արտաքին քաղաքականության ֆինանսավորումը, կոնկրետ այն պատճառով, որ այդ կարևոր գործիքը հայտնվել է ոչ կոմպետենտ ղեկավարության ձեռքում, ավելի լավ արդյունք կունենաիք, քան երբ ֆինանսավորում են ձեզ»:

ՀԱԿ պատգամավորը՝ մատնանշելով բյուջեի ծախսերը, ասաց, թե Տիգրան Սարգսյանը Մոսկվա այցի համար հատուկ չվերթ կազմակերպելու համար ծախսել է 21 մլն դրամ, իսկ Բրյուսել այցի համար ավելի քան 30 մլն դրամ: Լ. Զուրաբյանը խնդրեց պարզաբանել՝ արդյոք նման ծախսերը նախատեսվա՞ծ են, և արդյոք համարվո՞ւմ են ընդունելի.

«Ո՞ր հոդածով վարչապետը կամ մեկ այլ պաշտոնյա իրավունք ունեն նման ծախսատար այցելություններ ունենալ, թեկուզ դրանք լինեն պետական»,- հարցրեց նա: ՀԱԿ պատգամավորը հետարքրքվեց նաև, թե ինչո՞ւ Վատիկանում բացվեց դեսպանատուն և արդյոք հնարավո՞ր չէր խնայել բյուջետային միջոցները և Վատիկանի հետ հարաբերությունները դնել մեկ այլ պետության, ասենք՝ Աթենքի վրա:

Ի պատասխան Շավարշ Քոչարյանն ասաց. «Հայաստանը, ըստ Ձեզ՝ հարցականի տակ դրեց Ցեղասպանության եղելության հարցը, եթե այդպես լիներ, ապա որևէ խնդիր չէր լինի: Մենք ասում ենք, որ առայսօր առանց որևէ նախապայմանների արձանագրությունների վավերացում և կյանքի կոչում: ֆուտբոլային դիվանագիտությունն ավարտվեց նրանով, որ գնդակը մնաց Թուրքիայի դաշտում և այո, Թուրքիան ճնշման տակ է, դա հայտնի է և ուզում է քայլեր ձեռնարկել, որ իբր պրոցես կա»:

Ինչ վերաբերում է Եվրամիության հետ համագործակցությանը, Շավարշ Քոչարյանն ասաց. «Աշխատանքը առաջին հերթին ոչ թե փաստաթուղթն է, այլ այդ ընթացքում արձանագրված բարեփոխումները, թե ինչ է փոխվել երկրի կյանքում, ինչ մթնոլորտ է մտել՝ ավելի գրավիչ, դրական: Այն ուղղությունը, որն իրականցվել է, մենք շարունավելու ենք, գնալու ենք այնքանով, որքանով չի հակասելու ՄՄ անդամակցության հետ կապված պահանջներին: Այնպես որ՝ ես չեմ համարում, որ այդ աշխատանքը ջուրն է գնացել, դա շարունակական է լինելու»:

Անդրադառնալով Զուրաբյանի առաջարկությանը՝ այլևս ոչինչ չնախաձեռնել, Շ. Քոչարյանն այսպես արձագանքեց. «Դա ամենահամաձակ նախաձեռնությունն է, որը կարելի է անել՝ մենք այդ համարձակությունը չունենք, նման առաջարկով առաջնորդվելու»:

Իսկ վարչապետ Տիգրան Սարգսյանի չվերթի մասով, փոխնախարարն ասաց, թե հարցին ինքը պատասխանել չի կարող, որովհետև այցը ԱԳՆ բյուջեի հաշվին չի եղել, բայց նկատեց. «Եթե հետևենք Ձեր տրամաբանությանը, ապա ստացվում է, որ պաշտոնյաները չպետք է գործուղման  գնան: Դա այն գումարն է, որ անհրաժեշտ է ու բնական է, որ մեկնելու համար Բրյուսելն ավելի թանկ է, քան Ռուսաստանը»:

Վատիկանում բացված ՀՀ դեսպանատանը մասին էլ Շ. Քոչրյանն ասաց, որ ծանրաբեռնվածություն է առաջանում, երբ մի դեսպանատան վրա դրվում է մի քանի պետությունների հետ աշխատելու ֆունկցիա. «Վատիկանը, լինելով փոքր պետություն, ունի մեծ ազդեցություն: Ունենալ դեսպան Վատկանում՝ չեմ կարծում, որ հեռանկարային չէ»: Լևոն Զուրաբյանն էլ հակադարձեց՝ նշելով, թե դեսպանատունը գործում է Միքայել Մինասյանի համար:

Տեսանյութեր

Լրահոս