Հիջաբը հայտնվել է Թուրքիայի խորհրդարանի շենքում
Թուրքական Radikal թերթի փոխանցմամբ՝ Թուրքիայի քաղաքական օրակարգում այսօր հայտնվել են 4 պատգամավորներ: Խոսքը գնում է իշխող «Արդարություն ու զարգացում» կուսակցության (ԱԶԿ) կին պատգամավորներ Նուրջան Դալբուդաքի, Գյուլայ Սամանջըի, Սևդե Բեյազըթ Քաչարի և Գյոնյուլ Շահքուլուբեյի մասին:
Վերջիններս հայտարարել են, որ այսուհետ խորհրդարանի աշխատանքներին մասնակցելու են հիջաբով (մահմեդական գլխաշոր): Նրանցից առաջինը խորհրդարան է հասել Դենիզլիից ընտրված պատգամավոր Նուրջան Դալբուդաքը, ով առաջինն այցելել է խորհրդարանի արդյունաբերական հանձնաժողովի նախագահին:
Սեպտեմբերի 30-ին Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը հայտարարել էր ժողովրդավարական բարեփոխումների նոր փաթեթի մասին: Դրանում խոսք էր գնում նաև հիջաբի մասին: Չեղյալ էր հայտարարվում հիջաբ կրելու արգելքը պետական կառույցներում՝ բացառությամբ ռազմական, ոստիկանական ու դատական կառույցների:
Հիշեցնենք, որ թուրքական պետության աշխարհիկ բնույթը կանխորոշել է նրա հիմնադիր Մուսթաֆա Քեմալ Աթաթուրքը, որի հռչակած վեց սկզբունքներից մեկը լաիցիզմի գաղափարն է: Վերջինս կրոնն անջատում է պետությունից, սահմանափակում է իսլամի դերը հասարակական կյանքի տարբեր ոլորտներում և հետևում է նրան, որ իսլամը դուրս չգա մզկիթի դարպասներից: Մինչդեռ ԱԶԿ-ն վարում է իսլամամետ ներքին ու արտաքին քաղաքականություն: