Բաժիններ՝

Քուրդ պատգամավորն առաջարկել է փոխել Վանի անունը

Թուրքական Sondakika լրատվական կայքի փոխանցմամբ՝ Վանից ընտրված պատգամավոր Այսել Թուղլուքը պատրաստել է նոր օրինագիծ, որում առաջարկվում է Վանը (Van) վերանվանել Ուան (Wan): Թուղլուքն օրինագիծն արդեն իսկ ներկայացրել է խորհրդարանի դիտարկմանը:

Պատգամավորն ընդգծել է, որ Վանը «դարեր շարունակ հայտնի է եղել» Wan անվամբ. «Վանի անվանափոխությամբ մենք և՛ հետ կկանգնենք տարածաշրջանի ժողովրդի մշակութային արժեքների դեմ միակողմանիորեն կատարված հակաժողովրդական քայլից, և՛ հնչյունաբանորեն ավելի ճիշտ կարտասանվի քաղաքի անունը»:

Հիշեցնենք, որ Այսել Թուղլուքն ունի քրդական (զազա) ծագում:  Սեպտեմբերի 30-ին Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանի ներկայացրած ժողովրդավարական բարեփոխումների փաթեթով նախատեսված էական փոփոխություններից մեկն առնչվում էր արգելված տառերի ազատությանը:

Խոսքը գնում է թուրքերենում գոյություն չունեցող և փոխարենը քրդերենում գոյութուն ունեցող q, x, w տառերի վրա, որոնց գործածման վրա (ասենք, տեղանուններում, մարդկանց անուններում, գրքույկներում, հրավերներում, հայտարարություններում) արգելք է դրվել դեռևս 85 տարի առաջ: Թեև այժմ նախատեսվում է հանել դրանց վրա դրված արգելքը, սակայն չի նախատեսվում դրանք ներառել թուրքերենի այբուբենում:

1928 թվականին Մուսթաֆա Քեմալ Աթաթուրքն իրականացրեց լեզվական բարեփոխում, որով թուրքերենն արաբատառից անցում կատարեց լատինատառի: Քրդերենում առկա այդ երեք տառերը չընդունվեցին թուրքական այբուբենում և երկար տարիներ մնացին արգելված: Դա կանոնակարգվեց Քրեական օրենսգրքի 222-րդ հոդվածով, որը նախատեսվում էր այդ տառերի գործածման դեպքում 0.5-2 տարի ազատազրկում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս