Բաժիններ՝

Լիազորված տնտեսական օպերատոր. ՊԵԿ-ի նոր նախաձեռնությունը

«ՊԵԿ-ը շրջանառության մեջ է դրել լիազորված տնտեսական օպերատորի ինստիտուտի ներդրման օրենսդրական նախագիծն ու առաջիկայում` կարծիքներն ամփոփելուց հետո, այն կներկայացնի կառավարության քննարկմանը,- այս մասին այսօր նշել է կոմիտեի նախագահի տեղակալ Վախթանգ Միրումյանը:

Նրա խոսքով, «լիազորված տնտեսական օպերատորները բարեխիղճ արտաքին տնտեսական գործունեություն իրականացնողներն են, որոնք սահմանված հստակ չափորոշիչների հիման վրա կստանան հավաստագիր»: Այն տնտեսվարողները, ովքեր երեք տարի առանց մաքսային վճարների գծով խախտումներ թույլ տալու արտաքին տնտեսական գործունեություն են իրականցրել, բարեխղճորեն կատարել են պարտավորությունները, մաքսային մարմնից կստանան հավաստագիր և կճանաչվեն լիազորված տնտեսական օպերատոր:

Նոր կարգավիճակը հնարավորություն կընձեռի աշխատել պարզեցված մաքսային ընթացակարգերով, վճարումների կատարման առումով ստանալ բարենպաստ պայմաններ, մաքսային հսկողության ենթարկվել նախընտրած վայրում: Միաժամանակ, լիազորված տնտեսական օպերատորների ապրանքների բացթողումը կարող է իրականացվել նաև նախքան մաքսային վճարների կատարումը: Նրանք, իրենց ցանկությամբ կազատվեն նաև նախնական տեղեկություններ ներկայացնելու անհրաժեշտությունից, քանի որ միջազգային պրակտիկան հնարավորություն է ընձեռում ապրանքները տեղափոխել մաքսային սահմանով նախքան մաքսային հայտարարագրերի ներկայացումը:

Նորամուծությունը ՊԵԿ փոխնախագահ Վ. Միրումյանը ներկայացրել է նաև հոկտեմբերի 24-ին Լիտվայում կայացած ԵՄ Արևելյան  գործընկերության երկրների մաքսային ծառայությունների «Մաքսային համագործակցություն» թեմայով համաժողովի ժամանակ: Համաժողովը նվիրված էր ԵՄ Արևելյան գործընկերության անդամ պետությունների օրենսդրական, լիազորված տնտեսական օպերատորների և ռիսկերի կառավարման ոլորտներում իրականացրած բարեփոխումների գնահատմանը:

Կարդացեք նաև

Հայաստանի նախաձեռնությունները բարձր են գնահատվել և դրական արձագանքի արժանացել նաև համաժողովին մասնակցող Համաշխարհային մաքսային կազմակերպության գլխավոր քարտուղար Կունիո Միկուրիայի կողմից, ով, ՊԵԿ նախագահ Գագիկ Խաչատրյանի հրավերով այցելելով Հայաստան, անդրադադարձել էր ՊԵԿ-ի իրականացրած բարեփոխումներին` նշելով. «Համաշխարհային մաքսային կազմակերպությունը բարձր է գնահատում կոմիտեի արձանագրած առաջընթացը, որն արտահայտվում է սահմանին մաքսային ընթացակարգերի կատարելագործման ուղղությամբ իրականացված միջոցառումներով: Դա է պաճառը, որ այսօր մտադիր ենք տարածաշրջանի համար Հայաստանը դարձնել օրինակելի պետություն, և մաքսային ընթացակարգերի բարեփոխման ոլորտում նրա ձեռք բերած փորձը ներկայացնել մյուս երկրներում»:

ՀՀ ԿԱ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս