Կանեփ աճեցրած 61-ամյա կնոջ նկատմամբ կիրառվել է համաներում
Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ՝ 61-ամյա Եսթեր Սիմոնյանի նկատմամբ կիրառվել է համաներում, գործի վարույթը կարճվել է, քրեական հետապնդումն էլ դադարեցվել:
Հրազդան քաղաքի Ջրառատ թաղամասի բնակիչ Եսթեր Սիմոնյանին նախաքննական մարմինը մեղադրանք էր առաջադրել՝ իր տան հարակից հողամասում, կարտոֆիլի մարգերում, սննդի մեջ օգտագործելու նպատակով՝ապօրինի կանեփ տեսակի բույս աճեցնելու համար:
Կարտոֆիլի մարգերում մշակումն արգելված թմրանյութեր պարունակող խոշոր չափի համարվող 30 հատ կանեփ տեսակի բույսերը կինն աճեցրել է, ջրել, անգամ քաղել դրանց շուրջ աճած մոլախոտերը:
Եսթեր Սիմոնյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 273-րդ հոդվածի 1-ին մասով` նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվելով չհեռանալու մասին ստորագրությունը:
Ի դեպ, նշենք, որ նախաքննության ընթացքում Ե.Սիմոնյանը իրեն մեղավոր չի ճանաչել, սակայն դատաքննությունն ավարտելուց հետո` դատական վիճաբանությունների ընթացքում, ամբաստանյալ Ե.Սիմոնյանը իրեն մեղավոր է ճանաչել և դիմում է ներկայացրել խնդրանքով՝ իր նկատմամբ կիրառել համաներում, իսկ քրեական գործի վարույթն էլ կարճել: