
Վրաստանի նորընտիր նախագահի երդմնակալության համար միջոցներ կհատկացվեն կառավարության պահուստային հիմնադրամից

Грузия Online-ի փոխանցմամբ՝ Վրաստանի նորընտիր նախագահի երդմնակալության արարողության կազմակերպման համար միջոցներ կհատկացվեն կառավարության պահուստային հիմնադրամից: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարել է Ֆինանսների նախարար Նոդար Խադուրին.
«Ակնհայտ է, որ երդմնակալության համար անհրաժեշտ է հատկացնել գումարներ: Պետք է ստեղծվի հանձնաժողով, որը կհստակեցնի միջոցառումները: Դժբախտաբար, նախագահական հիմնադրամում գումարի բացակայության պատճառով մենք հարկադրված ենք նախագահի երդմնակալության համար միջոցներ հատկացնել կառավարության հիմնադրամից»:
Վրաստանի նախագահական հիմնադրամի ծավալն այս տարի կազմել է 10 միլիոն լարի (մոտ 6 միլիոն դոլար), սակայն նախագահ Միխեիլ Սաակաշվիլին դրանում թողել է ընդամենը 5000 լարի (մոտ 3000 դոլար):
Հոկտեմբերի 27-ին Վրաստանում անցկացված նախագահական ընտրությունների արդյունքներով հաղթել է իշխող «Վրացական երազանք» դաշինքի թեկնածու Գեորգի Մարգվելաշվիլին, ով հավաքել է քվեների ավելի քան 62 տոկոսը: Նրա երդմնակալության արարողությունն անցկացվելու է նոյեմբերի 17-ին: