Սաակաշվիլին գործնականում ամբողջովին վատնել է նախագահական հիմնադրամի միջոցները
Новости-Грузия լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Վրաստանի տարածաշրջանային զարգացման ու ենթակառուցվածքների նախարար Դավիթ Նարմանիան պնդում է, որ դեռևս գործող նախագահ Միխեիլ Սաակաշվիլին գործնականում ամբողջությամբ վատնել է Վրաստանի նախագահի պահուստային հիմնադրամի միջոցները:
Վրաստանի նախագահի պահուստային հիմնադրամի միջոցները 2013 թվականին կազմել են 10 միլիոն լարի (մոտ 6 միլիոն դոլար): Նարմանիայի խոսքերով՝ ոչ ոք չէր կասկածում, որ նախագահը մինչև վերջ ծախսելու է իր պահուստային հիմնադրամի միջոցները.
«Նա գիտեր, որ հոկտեմբերի 27-ից հետո ավարտվում են իր լիազորությունները, ինչի համար էլ նա (Սաակաշվիլին) ծախսել է բավական շատ գումար, ինչը հատկապես վերաբերում է նախընտրական շրջանին: Իմ տեղեկատվության համաձայն, նա օգտագործել է վարչական շատ ռեսուրսներ:
Նա շատ է շրջել բյուջեի հաշվին: Այստեղ այլ բան չէր էլ կարելի ակնկալել: Ներկա դրությամբ Վրաստանի նախագահի պահուստային հիմնադրամում մնացել է ընդամենը 5000 լարի (մոտ 3000 դոլար)»: