Եվրոպական քաղաքակրթությունը չի հակասում ռուսականին. Արմեն Աշոտյան

168.am-ը ՀՀ Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանից հետաքրքրվեց, թե նա չի՞ ափսոսա, եթե Եվրոպայի հետ երեք ու կես տարի բանակցություններ վարելուց հետո Հայաստանը նոյեմբերին Վիլնյուսում միայն հուշագիր ստորագրի: Ի պատասխան՝ ԿԳ նախարարն ասաց. «Ես ազգությամբ հայ եմ, բայց պետք է հարցին հարցով պատասխանեմ: Դուք հավատո՞ւմ եք եվրոպական արժեքներին, եվրոպական քաղաքակրթությանը, եվրոպական տնտեսական-հասարակական համակարգերի արդյունավետությանը: Ես էլ եմ հավատում: Եվ հավատում են շատ մարդիկ: Եթե մենք այս ճանպարհով գնում ենք, որպեսզի թուղթ ստորագրեինք և մեզ մի քիչ ավել փող տային՝ չարժեր այդ ճանապարհով գնալ: Եթե մենք այդ ճանապարհով գնում ենք, որովհետև հավատում ենք, որ եվրոպական մոդելը, քաղաքականությունը, տնտեսության, հասարակության կառուցվածքը մեզ համար ընդունելի է և լավն է, ապա պետք է շարունակենք դա անել, անկախ նրանից, թե դրա տակ ա՞յդ նախագիծը կստորագրվի՝ Ասոցացման, թե՞ մի ուրիշ տեքստ կլինի, գումար կավելացնե՞ն, թե՞ չեն ավելացնի: Եվրոպական քաղաքակրթությունը չի հակասում ռուսականին, որովհետև այն եվրոպականի բաղկացուցիչ մասն է: Եվրոպայի մասին խոսելիս, խնդրում եմ դիտարկեք ԵՄ պլյուս ինչ-որ ձևաչափ: Հակառակ պարագայում տերմինաբանական սխալ է առաջանում»: Ա. Աշոտյանը նաև շեշտեց, որ Եվրամիության ապագան նույնքան մշուշոտ է, որքան Եվրասիական միության ապագան, ապա ասաց. «Ինձ մոտ ժպիտ է առաջացնում հայաստանյան մեդիադաշտի վերաբերմունքը արտաքին քաղաքականությանը, փորձը՝ ստեղծել արհեստական էմոցիոնալ բնույթի խնդիրներ: Եվրամիությունը ստեղծվել է Ֆրանսիայի, Գերմանիայի միության շուրջ, և այս պետությունները եղել են կորիզացման օջախը, որոնց շուրջ հավաքվել են այլ պետություններ: Գաղտնիք չէ, որ Մաքսային միության համար էլ կորիզացման օջախը Ռուսաստանն է: Եվ ակնհայտ է, որ երբ կա կորիզացման կենտրոն, իր շուրջը հավաքվող երկրները տարբեր արագությամբ, տրամադրությամբ են այդ պրոցեսի մեջ մտնում»:

Տեսանյութեր

Լրահոս