Սիբիրյան խոցի նոր դեպքեր չկան. վարակված հիվանդի վիճակը բավարար է
Հոկտեմբերի 26-ին Երևանում սիբիրյան խոց հիվանդության դեպք էր արձանագրվել: Ըստ ՀՀ առողջապահության նախարարության՝ վարակի հավանական աղբյուրը վարակված մսեղիքի օգտագործումն է: ՀՀ առողջապահության նախարարության պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության գլխավոր մասնագետ Լիանա Թորոսյանը 168.am-ի հետ զրույցում ասաց, որ հիվանդությամբ վարակվածը 50-նն անց տղամարդ է: «Վիճակը նորմալ է, բավարար, դինամիկան՝ շատ լավ, ստանում է բուժումը, որևէ խնդիր չկա: Ամեն ինչ ընթանում է օրինաչափ և սահմանված ձևով»,- մեզ հետ զրույցում ասաց Լիանա Թորոսյանը:
Քանի որ որպես վարակի հավանական աղբյուր առգրավվել էր մսեղենիքը, Լիանա Թորոսյանից հետաքրքրվեցինք նաև՝ արդյոք հիվանդության նոր դեպքեր չե՞ն հայտնաբերվել: Ի պատասխան հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության մասնագետն ասաց. «Նոր դեպք չունենք»:
Հիշեցենք, որ հոկտեմբերի 26-ին ձեռքի վերքերի գանգատով «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոց էր դիմել հիվանդ «սիբիրյան խոց (մաշկային ձև)» նախնական ախտորոշումով: Կազմակերպված լաբորատոր հետազոտությունների արդյունքում ախտորոշումը հաստատվել էր: