
Իրանը հուսով է նոր էջ բացել ԱԷՄԳ-ի հետ փոխհարաբերություններում. Նաջաֆի

Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանը հուսով է նոր էջ բացել ԱԷՄԳ-ի հետ փոխհարաբերություններում՝ նպատակ ունենալով կարգավորել երկրի միջուկային ծրագրի հետ կապված խնդիրները:
Այս մասին այսօր Վիեննայում լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԱԷՄԳ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Ռեզա Նաջաֆին: Նրա խոսքերով՝ Իրանն ԱԷՄԳ-ին արել է նոր առաջարկներ՝ կապված գործնական քայլեր ձեռնարկելու հետ:
Նաջաֆին հույս է հայտնել, որ այդ նոր առաջարկները կօգնեն նոր էջ բացել համագործակցության մեջ, որի հիմնական նպատակը մնացյալ բոլոր հարցերի լուծումն է:
Սակայն ո՛չ Իրանը, ո՛չ էլ ԱԷՄԳ-ը չեն մանրամասնել Թեհրանի արած նոր առաջարկների էությունը: Իրանի ու ԱԷՄԳ-ի միջև բանակցությունների հաջորդ փուլն անցկացվելու է նոյեմբերի 11-ին, Թեհրանում: