Ինչո՞ւ է աղքատ Լոռու մարզը
ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը 2014թ.-ի պետական բյուջեի քննարկման ժամանակ Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանից հետաքրքրվեց, թե ինպե՞ս է ստացվել, որ Լոռու մարզը աղքատության ցուցանիշով երկրորդն է ՀՀ-ում: «Ամեն անգամ, բյուջեի քննարկումների ժամանակ, նման իրավիճակների ենք հանդիպում, որ այս նախագծից, ձեր հաշվետվություններից չենք կարողանում տեղեկատվություն ստանալ՝ ինչպիսի՞ ազդեցություն է ունենալու բյուջեն աղքատության ցուցանիշի վրա: Ի դեպ, աճել է նաև Լոռու մարզի գործազրկությունը: Դուք՝ որպես մարզպետ, ունե՞ք պատկերացում՝ ինչպե՞ս պետք լուծել այս խնդիրը: Ինչպիսի՞ ծրագրեր եք իրականացնելու, որոնց արդյունքում կարձանագրվի գործազրկության և աղքատության նվազում»,- հետաքրքրվեց Նիկոլ Փաշինյանը: Ի պատասխան՝ Արթուր Նալբանդյանն ասաց, թե միջինի հետ համեմատած աղքատության ցուցանիշը բարձր է, ապա նշեց, թե աղքատության դեմ պայքարել այս ծրագրային բյուջեով հնարավոր չէ, բայց դա, մարզպետի խոսքով, չի նշանակում, թե մարզպետարանը «ձեռքներս ծալած» նստելու է. «Հնարավորինս կանենք, որ այս տոկոսները նվազեցնենք»: Նա հայտնեց նաև, թե իրենք շեշտադրել են զբոսաշրջության զարգացումը: Բայց նայելով բյուջեի հաշվետությանը՝ ՀԱկ պատգամավորը նկատեց. «Զբոսաշրջությա պահը նշեցիք, դա կարևոր է: Բայց նայեք՝ Արարատի մարզում սպասում են թանգարանային 302 հազար այցելուի: Ճիշտ է՝ այնտեղ պատմական վայրերը փոքր-ինչ շատ են, չնայած Լոռու մարզը պակաս աղքատ չէ, բայց դուք սպասում եք 4500 այցելուի»: Մարզպետը պատասխանեց, որ Արարատի մարզում գործում են մի քանի թանգարաններ, իսկ Լոռու մարզում միայն Լոռի-Փամբակ թանգարանի մասին է վերոգրյալ թիվը: