
Վարդան Պետրոսյանի մասնակցությամբ վթարի գործով դեռ մեղադրանք չի առաջադրվել

Հոկտեմբերի 20-ին` 22:10-ի սահմաններում, Եղվարդ-Երևան ճանապարհին տեղի ունեցած վթարի փաստով հարուցված քրեական գործի շրջանակներում այս պահի դրությամբ որևէ մեկին մեղադրանք չի առաջադրվել:
Այս մասին «Փաստինֆո»-ին տեղեկացրեցին ՀՀ Ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: Հիշեցնենք, Վ.Պետրոսյանի վարած «ԲՄՎ-320» մակնիշի ավտոմեքենան, Եղվարդ-Երևան ճանապարհին բախվել էր նույն ուղղությամբ ընթացող «ՎԱԶ-21214» մակնիշի ավտոմեքենային, որի վարորդը և 6 ուղևորները ստացել էին տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: Նրանցից երկուսը մահացել էին: Դեպքի առթիվ հարուցված է քրեական գործ՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով, այն է ՝ ավտոմեքենա վարող անձի կողմից ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի մարդու մահ: Քրեական օրենսգիրքն այս արարքի համար նախատեսում է 4-10 տարվա ազատազրկում: