Հրաչ Մուրադյանի սպանության գործով հանդիպել են Վլադիմիր Գասպարյանին և Գևորգ Կոստանյանին

Պռոշյանի գյուղապետ Հրաչ Մուրադյանի սպանությունից արդեն 7 ամիս է անցել. հարուցված  քրեական գործի նախաքննությունը շարունակվում է: ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Աղվան Վարդանյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց, որ այդ ամիսների ընթացքում իրավապահ մարմինները կարող էին ավելի ամբողջական քննություն իրականացնել:

«Առաջին հերթին խոսքը վերաբերվում է նախկինում Հրաչ Մուրադյանի հանդեպ եղած նախկին մահափորձին՝ 2010 թվականին, բազմաթիվ այլ միջադեպերի, և ցավոք, մինչև հիմա այս երկու հիմնական գործերը իրար միացած չեն: Հաջորդը՝ ժամանակն անցնում է, մարդիկ են մահանում, մարդիկ են հեռանում Հայաստանից, մարդիկ են աշխատանքի նշանակվում, որոնք այս կամ այն կերպ հնարավոր է՝ կարող էին ավելին իմանալ, տեղյակ լինել ինչ-որ բաներից, և այստեղ ևս մենք բաց ենք տեսնում»,- ասաց Աղվան Վարդանյանը:

Նա նշեց, որ այս ընթացքում հանդիպում են ունեցել Ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի, փոխոստիկանապետերի, իսկ այսօր հանդիպել են գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանին:

Հրաչ Մուրադյանի եղբորորդին՝ Հակոբ Մուրադյանն ասաց, որ սպանված գյուղապետի հարազատները կարծում են, որ գործը տանում են դեպի փակուղի: Նա նշեց, որ 2010-ին Հրաչ Մուրադյանի դեմ կատարված մահափորձի քրեական գործը, որն այժմ կասեցված է, պետք է միացվի նրա սպանության առթիվ հարուցված քրեական գործին: «Տեղյակ եմ ձեզ պահում, որ Հրաչ Մուրադյանը որևէ փակ գործ չի ունեցել, որևէ կասկածելի գործ չի ունեցել, չգիտեմ՝ իրավապահ մարմինները միշտ պնդում են, որը մենք չենք ասում, չկա նման բան: Ինչ եղել է, իրավապահ մարմինները գիտեն: Կարծում եմ, որ եթե լավ աշխատեն, հաստատ գործը կբացահայտեն, եթե կամք ունենան բացահայտելու»,- ասաց սպանված գյուղապետի հորեղբորորդին:

Կարդացեք նաև

Հիշեցնենք, որ հարուցված քրեական գործով մեղադրանք է առաջադրվել ՀՀ Քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով (Սպանությունը, որը կատարվել է անձի կամ նրա մերձավորի՝ կապված այդ անձի կողմից իր ծառայողական գործունեության կամ հասարակական պարտքի կատարման հետ) և 235-րդ հոդվածի 1-ին մասով (Ապօրինի կերպով հրազեն պահելը, փոխադրելը կամ կրելը):

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս