Կբարձրանան նաև մասնավոր հատվածի աշխատավարձերը

Աշխատավարձերի բնագավառում իրականացվող փոփոխությունները 2014թ.-ի պետական բյուջե նախագծի առանձնահատկություններից մեկն է: Այս մասին ԱԺ-ում ընթացող ՀՀ կառավարության կողմից 2014թ.-ի պետական բյուջեի նախագծի լսումների ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը: «Մենք բավական երկար ենք ձեզ հետ միասին քննարկել այս հարցը, բավական երկար ենք աշխատել այս փաստաթղթի վրա և ունենալու ենք բոլոր պետական կառույցների համար աշխատավարձի միասնական սանդղակ: Միևնույն ժամանակ մենք արձանագրում ենք նաև, որ կառավարությունը որդեգրել է քաղաքականություն, որը ենթադրում է աշխատավարձերի հետևողական բարձրացում: Խոսքը ոչ միայն պետական բարձրաստիճան պաշտոնյաների, այլև՝ մասնավոր հատվածի աշխատավարձերի բարձրացման մասին է»,- ասաց նա: Տիգրան Սարգսյանը նշեց, թե 2014թվականի բյուջեի հաջորդ առանձնահատկությունը սոցիալական քաղաքականությունն է, որը վերջին տարիների ընթացքում արմատական փոփոխությունների է ենթարկվել: Նա հայտնեց, որ այսուհետ սոցիալական քաղաքականությունը ուղղված է ոչ թե հետևանքների դեմ պայքարին, այլ սոցիալական խնդիրներ ծնող պատճառների վերացմանը: Ըստ նրա՝ աղքատ ընտանիքների համար ֆինանսական միջոցների սղությունը չպետք է դառնա կրթություն չստանալու պատճառ, ինչի ուղղությամբ բյուջեում ավելանում են հատկացումները:

Տեսանյութեր

Լրահոս